Հայաստանի կառավարությունը կշարունակի դրամական աջակցության ծրագիրն Արցախի տեղահանված քաղաքացիների համար: Կառավարության մի խումբ անդամների հետ խորհրդակցությանը Արցախի նախագահը նշել է՝ այն կփոխարինի 68-հազարական դրամների ծրագրին: Գումարի չափը հստակեցվում է, 68 հազարից քիչ կլինի:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Նպատակն է, որ կամաց-կամաց քչացնելով՝ հորդորել և նպաստել սեփական եկամտի հայթայթմանը, որպեսզի կատարեն սեփական ծրագրերը:
2020-ի պատերազմի հետևանքները չեզոքացնելու համար դրամական աջակցություն կստանան նաև բնակարան չկորցրած և Արցախում մշտապես ապրող քաղաքացիները, բայց՝ Արցախի կառավարության ծրագրով: Արայիկ Հարությունյանն Արցախի ֆինանսների նախարարին հանձնարարել է մինչև տարեվերջ մեկ անձի հաշվով երկու անգամ 25-հազարական դրամ նախատեսել, բացառությամբ աշխատունակ տղամարդկանց:
Արայիկ Հարությունյան - Այսինքն՝ այն խավը, որը ստանում էր Արցախում ապրող, մինչև տարեվերջ 50 հազար դրամ մեր կողմից տրամադրենք:
2022-ին Արցախում միջինացված 20 տոկոսի չափով կբարձրանան պետբյուջեից տրվող աշխատավարձերը, ամենամսյա սոցիալական վճարները:
Արայիկ Հարությունյան - Իմ առաջարկությունն է՝ 20 տոկոսի շրջանակներում բոլոր վճարումներն ավելացնել: Խոսքը գնում է աշխատավարձերի, թոշակների, նպաստների և այլ սոցիալական վճարների: Բայց արդեն այլ սոցիալական վճարների մասով կխնդրեմ ֆինանսների և սոցիալական հարցերի նախարարությունները քննարկեն այն, որոնք դրամական աջակցության շրջանակներում են:
Աշխատավարձի ավելի մեծ բարձրացում կլինի այն կազմակերպություններում և ընկերություններում, որտեղ այժմ դրանք անհամեմատ ցածր են, նշել է Արցախի ղեկավարը: