«Բանակ 2021»-ի շրջանակներում կնքվել են ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրեր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը: Նրա խոսքով՝ պայմանագրեր են կնքվել Հայաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Ուզբեկստանի, Մյանմարի և Բելառուսի հետ:
*****
Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը կլինի Աֆղանստանի կառավարման խորհրդի՝ 12 մարդուց բաղկացած կազմում: Աֆղանստանում ստեղծված իրավիճակը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը: Պուտինը նշել է, որ Մոսկվան չի խառնվի Աֆղանստանի ներքին գործերին: Չինաստանի նախագահը նույնպես ընդգծել է, որ Պեկինը հարգելու է Աֆղանստանի անկախությունը և տարածքային ամբողջականությունը և վարելու է այդ երկրի ներքին գործերին չմիջամտելու քաղաքականություն: Ավելի վաղ թալիբները հայտարարել էին, որ մտադիր են բարեկամական հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ:
*****
Նրանք կողմ են նաև Թուրքիայի հետ աշխատելուն, բայց դեմ են թուրքական ներկայությանն Աֆղանստանում: Անկարան ցանկանում է ապահովել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը՝ այդ կերպ ամրապնդելով իր դիրքերը Կենտրոնական Ասիայում: Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ այդպիսով Աֆղանստանը Թուրքիայի համար երկրորդ Սիրիա կդառնա: Կանադան նույնպես պատրաստակամ է զորքերը թողնել Աֆղանստանում, եթե դա հանարավոր լինի: Թալիբների ներկայացուցիչը նախազգուշացրել է՝ մինչև օգոստոսի 31-ը բոլոր օտարերկրյա ուժերը պետք է լքեն Աֆղանստանը: Ռուսաստանն Աֆղանստանից տարհանել է Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի անդամ այլ երկրների և Ուկրաինայի 500 քաղաքացու:
*****
«Թալիբան» շարժումն արգելել է ցամաքային կամ օդային ճանապարհով երկրից դուրս բերել դոլար և հին արժեքավոր առարկաներ: Թվիթերում նոր արգելքը հրապարակել է թալիբների ներկայացուցիչ Վարդակ Ալհանաֆին: «Քաղաքացիները պետք Է իմանան, որ այդ առարկաներից ցանկացածի բռնագրավման դեպքում տեղափոխողները պատասխանատվության կենթարկվեն օրենքին համապատասխան»,- գրել է նա:
*****
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը Մոսկվան համարում է բացարձակապես սխալ, սակայն պատրաստ է շարունակել գործընկերներին բացատրել իրերի իրական վիճակը: Մենք չենք ընդունում մեր թուրք գործընկերների հայտնած դիրքորոշումը՝ անդրադառնալով Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը նշել է Պեսկովը։ Թուրքիայի արտգործնախարարը Ղրիմին նվիրված ֆորումի ժամանակ հայտնել էր, որ Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և դեմ է Ղրիմի միացմանը Ռուսաստանին:
*****
Իսրայելը մտադիր է կոալիցիա ստեղծել այն արաբական երկրների հետ, որոնք ցանկանում են սահմանափակել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում: Հայտարարել է վարչապետ Նաֆթալի Բենեթը The New York Times-ի հետ հարցազրույցում: Իսրայելի վարչապետի խոսքով՝ նա այդ հարցը պատրաստվում է քննարկել Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ օգոստոսի 26-ին նախատեսվող հանդիպմանը: