Զբոսաշրջության ոլորտն աշխուժանում է, թեպետ զուտ թվային ցուցանիշներն անկում են ցույց տալիս: 2020-ի ու 2021 թվականի առաջին եռամսյակները համամետելիս՝ մոտ 72 տոկոս անկում է նկատվում, հաջորդ եռամսյակում անկումը կրճատվում է՝ հասնելով 22-ի. արձանագրեց «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը: Սակայն նա ուշադրություն հրավիրեց փաստին, որ նախորդ տարի առաջին եռամսյակում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ չկային, իսկ 2021 թվականին շատ պետությունների սահմաններ դեռ փակ են:
Տուրիզմի ոլորտն Ապրեսյանը վերականգնված չի համարում, բայց վստահեցնում է՝ ոլորտի «արթնանալու» դրական դինամիկան շարունակվում է: Նա այս պահին խնդիրներ է տեսնում կազմակերպված տուրիզմի ոլորտում:
Այլ պատկեր է ներքին տուրիզմում: Ըստ Մեխակ Ապրեսյանի՝ զբոսաշրջության ոլորտի աշխուժացումը հենց ներքին տուրիզմից է սկսել: 2021-ի տվայլները դեռ չկան, բայց լոքդաունի և պատերազմի 2020 թվականը 2019 թվականի հետ համեմատելիս՝ շուրջ 32 տոկոս անկում է եղել:
Կորանվիրուսի պայմաններում ակտիվացավ առողջապահական տուրիզմը: Միայն հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 4-ը 2096 օտարերկրացի Հայաստանում է պատվաստվել: Սակայն մայրաքաղաքում են նաև օտարազգիներ, որոնց այցելությունը Հայաստան պատվաստմամբ պայմանավորված չէ:
Զբոսաշրջության ոլորտի վերջնական վերականգնման համար պետական աջակցություն է հարկավոր՝ կարծում է Մեխակ Ապրեսյանն ու վստահեցնում՝ այս ուղղությամբ ներդրումները միայն նպաստելու են տնտեսական աճին, իսկ ներդրված գումարը վերադառնալու է: