«Ինչ վերաբերում է Հին Թաղերին, Խծաբերդին և Դիզափայտին, դրանք չեն հանձնվել, դրանք ապօրինաբար, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտմամբ, ադրբեջանական հարձակման արդյունքում գրավվել են»,- ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալ առաջադրված Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին:
Խոսելով Սյունիքի մարզի հարակից հատվածների մասին՝ Ռուբինյանն ասաց, որ դրա պատասխանը տրվել է մի քանի անգամ, և տրամաբանությունն այն է, որ Հայաստանի միջազգայնորեն ընդունված սահմանը որոշակի երաշխիք է:
«Որովհետև մի բան է, երբ ռազմական բախումներ են տեղի ունենում այն շրջանում, որ նշում եք, օրինակ՝ Կովսականում, մի բան է, երբ զորքերը կանգնում են նախկին Հայկական ԽՍՀ սահմաններին: Դա է եղել տրամաբանությունը, այժմ նման բան հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ կանգնած ենք ՀՀ սահմաններին: Եվ սա որոշակի երաշխիքներ է ենթադրում, որովհետև դա ոչ միայն ՀՀ սահմանն է, այլ ՀԱՊԿ սահմանն է»,- ասաց Ռուբինյանը:
Նա անդրադարձավ նաև Սև լճի և Գեղարքունիքի հատվածներում ադրբեջանական ԶՈՒ ներկայությանը:
«Ինչ վերաբերում է Սև լճի և Գեղարքունիքի մյուս հատվածներին, որտեղ ապօրինաբար են գտնվում ադրբեջանական զորքերը, այնտեղից պետք է դուրս գան: Մեր վերլուծություններով՝ այս քայլով Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը կամ կիսակայունությունը և չկատարել եռակողմ պայմանավորվածության՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կետը»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ իշխող ուժը քաղաքական դիվանագիտության ճանապարհով փորձում է խնդիրը լուծել: