ՀՀ Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Բարձրագույն և հետբուհական, Նախնական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքներում:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի խոսքով՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները բխում են կրթության բնագավառում պետական քաղաքականության միտումներից և ուղղված են պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության հասցեականությանը, նպատակայնության և ծավալների ընդլայնմանը: Ըստ այդմ, սովորողների առանձին խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից, 2 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ուսանողները կստանան նպաստ: Սահմանված է առաջադիմության որոշակի սանդղակ, որի դեպքում ուսանողը կստանա պետական աջակցություն:
Դումանյանի խոսքով՝ այս տարի ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվեն շուրջ 4000 ուսանողներ, հաջորդ տարի 6800 կկազմի, 2023-ին՝ 6000, իսկ 2024-ին՝ 4600:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ սոցիալական և կրթական քաղաքականությունների մեջ պետք է լինի ճիշտ հավասարակշռում, որովհետև նպատակահարմար չէ կրթության ոլորտում հենվել բացառապես սոցիալական բաղադրիչի վրա, որովհետև դրա սոցիալական հետևանքներն իրականում շատ ավելի վատ են, քան թե լավ:
«Եթե մենք ուղղակի մարդուն օգնում ենք, որպեսզի ինքը մնա բուհում և պատշաճ մոտիվացիաներ չենք դնում, որպեսզի նա ստանա պատշաճ կրթություն, մենք դրանով նրա սոցիալական հարցը ոչ թե լուծում, այլ խորացնում ենք: Այդ մարդիկ հաճախ համալրում են այն կատեգորիայի շարքը, որը ժողովրդական լեզվով ասած հետևյալն է, որ բարձրագույն կրթությամբ չենք կարողանում աշխատանք գտնել: Հետևաբար մեր նպատակադրումը պետք է լինի մարդկանց ոչ թե դիպլոմով, այլ կրթությամբ ապահովելը»,- նշեց Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ պետությունը պիտի օգնի այն մարդուն, ով ուզում է ստանալ կրթություն, բայց պետությունը չպիտի օգնի այն մարդուն, ով ուզում է ստանալ դիպլոմ: