Ուկրաինայում պետական լեզվի պաշտպանության օմբուդսմեն Տարաս Կրեմենը կարգավորող մարմնին խնդրել է պատժամիջոցներ կիրառել ուկրաինական վեց հեռուստաընկերությունների՝ «Ինտերի», «Ուկրաինա»-ի, ICTV-ի, «Մեգա»-ի, NTN-ի, K1-ի նկատմամբ՝ ռուսերենով ֆիլմեր հեռարձակելու համար, ինչն արգելված է պետական լեզվի մասին օրենքի նոր դրույթներով՝ հայտնում է ТАСС-ը:
Գերագույն ռադան 2019 թվականի ապրիլի 25-ին օրենք ընդունեց ուկրաիներենի մասին, իսկ մայիսի 15-ին փաստաթուղթը ստորագրեց այն ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկոն: 2019-ի ձմռանը Վենետիկի հանձնաժողովը Ուկրաինայի իշխանություններին առաջարկեց վերանայել «լեզվի մասին օրենքը»: Հանձնաժողովի փորձագետները կարծում են, որ Կիևը պետք է օրենք ընդունի «Ազգային փոքրամասնությունների մասին», հակառակ դեպքում ընդունված օրենքը նրանց նկատմամբ խտրականության հիմքեր է ստեղծում: Բացի դրանից՝ Ուկրաինային առաջարկվել է վերացնել լեզվական օրենքի նորմերը խախտելու համար սահմանված պատժամիջոցների մեխանիզմը:
Օրենքի համաձայն՝ մշակութային բոլոր միջոցառումները պետք է անցկացվեն միայն պետական լեզվով: Հեռուստաալիքներն ունեն 90% քվոտա ուկրաիներեն հեռարձակման համար: Այս տարի ուժի մեջ է մտել «ծառայությունների ոլորտն ուկրաինականացնելու մասին» օրենքի նորմը, իսկ հուլիսի 16-ից՝ կինոարդյունաբերության ուկրաինականացման, միջոցառումների պարտադիր ուկրաիներեն անցկացման և քննությունների անցկացման նորմերը: Ուկրաինայում ուժի մեջ են մտել պետական լեզվի իմացության մակարդակը ստուգող քննությունները: