Իսրայելում տեղի է ունեցել 11-րդ նախագահ Իսահակ Հերցոգի երդմնակալությունը, որի ժամանակ նորընտիր նախագահը խոստացել է ապաքինել հրեական հասարակության խորացած պառակտումը: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Երկրի 60-ամյա ղեկավարի երդմնակալության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Իսրայելի խորհրդարանում:
Իսահակ Հերցոգը խոստացել է լինել «յուրաքանչյուրի նախագահը»՝ հավելելով, որ բոլոր իսրայելցիների՝ իրենց նախագահից հիմնական ակնկալիքը լարվածության թուլացումն է:
«Իմ և իմ թիմի առաքելությունն է՝ ամեն ինչ անել համընդհանուր հույսը վերականգնելու համար»,-հայտարարել է նախագահը:
Իսահակ Հերցոգը մեծ առավելություն է համարել Իսրայելի բոլոր համայնքների՝ հրեական, արաբական, կրոնական ու աշխարհիկ, մեծ ու փոքր քաղաքացիների համար նախագահ լինելը: