ԱՄՆ պաշտոնյաները մտահոգված են հաղորդագրություններով, որ Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ծանուցել է մինչև 20% հարստացված մետաղական ուրանը որպես ռեակտորի վառելիք օգտագործելու ծրագրի մասին: Հարցի վերաբերյալ պետքարտուղարության անհանգստությունն է փոխանցել գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
«Սա Իրանի կողմից ևս մեկ հետքայլ է, հատկապես այն դեպքում, երբ մենք ցույց տվեցինք մեր անկեղծ մտադրությունը և պատրաստակամությունը վերադառնալու միջուկային գործարքին և գտնելու առավել արդյունավետ ու կայուն ուղիներ՝ միջուկային ծրագրի խնդրի հարցում»,- ասել է պետքարտուղարության խոսնակը:
Անդրադառնալով Վիեննայի բանակցություններին՝ Փրայսը հավելել է, որ «Դիվանագիտության պատուհանը բաց է մնում: Մենք շարունակում ենք դիվանագիտական ուղին տեսնել որպես լավագույնը»:
Reuters-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տեղեկացրել է մետաղական ուրան արտադրելու իր ծրագրերի մասին: Կազմակերպությունը կարծում է, որ նման ուրանի արտադրության գործընթացը, որն օգտագործվում է ռեակտորների համար վառելիքի արտադրության և միջուկային ռումբերի ստեղծման համար, տեղի կունենա մի քանի փուլով:
Մոսկվան, իր հերթին, կապված ուրանի 20% հարստացման Թեհրանի ծրագրերի հետ, Իրանին կոչ է արել լիովին կատարել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ երաշխիքային համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ին: ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նաև նշել է, որ «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ երաշխիքների համապարփակ համաձայնագրով իրանական միջուկային ծրագրի մշակման գործում ցանկացած գործողություն չի պարունակում ընդհանուր ռիսկեր»: