Հուլիսի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ազգային անվտանգության ռազմավարությունը: Փաստաթուղթն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Ռուսաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը պարբերաբար փոփոխվող փաստաթուղթ է, որը հաշվի է առնում աշխարհում և Ռուսաստանում տեղի ունեցող անվտանգային, քաղաքական, տնտեսական և սոցիալական հիմնական միտումները: Նախորդ ռազմավարությունն ընդունվել է 2015 թվականին: Այս անգամ փաստաթուղթը պատրաստվել է մոտ մեկ տարում: Ներածական մասում ներկայացված է, թե ինչ է տալու այն Ռուսաստանի ժողովրդին:
«Այս ռազմավարության իրագործումը նպաստելու է Ռուսաստանի ժողովրդի անվտանգությանը, մարդկային կապիտալի զարգացմանը, կենսամակարդակի և բարեկեցության աճին, երկրի պաշտպանունակությանը, ռուսաստանյան հասարակության միասնությանը և համախմբվածությանը, ազգային նպատակների իրականացմանը, մրցունակության և Ռուսաստանի Դաշնության միջազգային վարկի ամրապնդմանը»:
Ռուսաստանի Ազգային անվտանգության ռազմավարության փաստաթուղթն արձանագրում է. որոշ երկրների գործողություններն ուղղված են ԱՊՀ-ում կազմալուծման գործընթացների հրահրմանը, որի նպատակն է խարխլել Ռուսաստանի կապերն իր ավանդական դաշնակիցների հետ: Մի շարք պետություններ Ռուսաստանին անվանում են սպառնալիք և նույնիսկ ռազմական հակառակորդ:
«Արևմուտքի դիրքորոշումը, որն ուղղված է ինտեգրացիոն գործընթացների հակազդմանը և Եվրասիական տարածաշրջանում լարվածության օջախների ստեղծմանը, բացասաբար է ազդում ռուսական ազգային շահերի իրացման վրա:
Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ռազմական վտանգների և սպառնալիքների ուժգնացմանը նպաստում են Ռուսաստանի, նրա դաշնակիցների և գործընկերների նկատմամբ ուժային ճնշման փորձերը, ռուսական սահմանների մոտ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության ռազմական ենթակառուցվածքների մեծացումը, հետախուզական գործունեության ակտիվացումը, Ռուսաստանի Դաշնության դեմ խոշոր ռազմական միավորումների և միջուկային զենքի կիրառմանն ուղղված վարժանքները»:
Փաստաթղթում նշված է ազգային ռազմավարական 9 առաջնահերթություն. ազգի պաշտպանություն, պետական և հասարակական անվտանգություն, տեղեկատվական անվտանգություն, տնտեսական անվտանգություն, գիտատեխնիկական զարգացում, էկոլոգիական անվտանգություն, ավանդական արժեքների պաշտպանություն, ռազմավարական կայունություն:
Ռուսաստանի առաջ ծառացած հիմնական սպառնալիքներից մեկը տեղեկատվական հարձակումներն են, ապատեղեկատվությունը և զանգվածային գիտակցությունը շահարկելու Արևմուտքի փորձը կամ, այսպես ասած, երկիրը ներսից «պայթեցնելու» փորձը: Այդ կարծիքին է նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների հարցի խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն:
Փաստաթղթի հիմքում Ռուսաստանի քաղաքացին է՝ մարդը և նրա բարեկեցությունը: