Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ի ներուժը նախատեսված է կիրառել միայն ագրեսիայի դեպքում՝ անդամներից մեկի վրա հարձակվելու պարագայում: Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, սահմանային միջադեպ է և չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին: Ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Նրա գնահատմամբ` հակամարտության սրացում չկա: Առջևում շատ աշխատանք կա սահմանների խնդրի լուծման ուղղությամբ, այս բոլոր վիճահարույց հարցերը պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ նշել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը և հավաստիացրել, որ ՀԱՊԿ-ը մշտադիտարկում է իրավիճակը Հայաստանի հարավում:
*****
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերի հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 6-9-ը կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Սա հանձնակատարի առաջին այցն է հարավկովկասյան տարածաշրջանի երկրներ․ այցը տեղի կունենա տնտեսական և ներդրումային պլանի հաստատումից հետո, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրների հետ վերականգնմանը, դիմակայունությանը և բարեփոխումներին ուղղված` վերանայված օրակարգի իրագործմանը:
*****
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման նպատակով ուղիներ գտնելու թեման քննարկել է ԱՄՆ կառավարության պաշտոնյաների հետ: Ամերիկացի օրենսդիրը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Այսօր արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարության ու պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, որի ընթացքում քննարկել ենք Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման ուղիների թեման: Խոսել ենք նաև ադրբեջանական գերությունից հայ ռազմագերիների ազատ արձակման և սահմանային ճգնաժամի հանգուցալուծման գործում Միացյալ Նահանգների դերակատարման կարևորության մասին:
*****
Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապին խնդրել է նպաստել հայ ռազմագերիների վերադարձին: Վատիկանում վերջերս տեղի ունեցած Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի ժողովի ընթացքում Վեհափառ Հայրապետը Ֆրանցիսկոս Պապի հետ առանձին անդրադարձել է Արցախի պատերազմի հետևանքներին և հատկապես Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձին: Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ գերիների նկատմամբ Ադրբեջանի ցուցաբերած հակաօրինական մոտեցումը հակասում է միջազգային օրենքներին:
*****
Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը հաստատել է Սղնախ գյուղի հայկական գերեզմանոցի ավերման փաստը, որի մասին առաջինը զեկուցել էր Հուշարձանների պաշտպանության կազմակերպությունը: «Այդ տարածքը բուլդոզերներով ավերվել է ճանապարհի շինարարության նպատակով»,- նշվում է գրառման մեջ: Հայկական գերեզմանոցը ստեղծվել է 18-րդ դարի կեսերին և օգտագործվել մինչև այն պահը, երբ հայերը 2020-ի աշնանը տեղի ունեցած պատերազմի պատճառով տարհանվել էին գյուղից: Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ավերածությունները տեղի են ունեցել ապրիլի 12-ից մինչև հունիսի 18-ը: Սա Մեծ Թաղերից հետո ավերված երկրորդ պատմական գերեզմանոցն է: Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունն Ադրբեջանի իշխանությանը կոչ է անում դադարեցնել գերեզմանոցների ավերումը:
*****
Հունաստանը չեղյալ է համարել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճանապարհորդական սահմանափակումները ևս հինգ երկրի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Հորդանանի, Մոլդովայի և Բրունեյի քաղաքացիների համար՝ փոխանցում է Greek City Times պարբերականը: Հունաստան այցելության ժամանակ այս բոլոր երկրների քաղաքացիները պետք է ներկայացնեն վերջին 14 օրվա ընթացքում պատվաստումն ավարտելու մասին իրենց իշխանությունների կողմից տրված անգլերեն լեզվով հավաստագիր: Որպես այլընտրանք՝ կարող են ներկայացնել նաև վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի կամ վերջին 48 ժամվա ընթացքում արված ռափիդ թեստի բացասական արդյունքը: