Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պատրաստվում են փոխել Գյոբեքլիթեփեի անունը։ Դա պատմական հայկական Պորտասարն է, որը թուրքերն անվանափոխել են՝ կոչելով Գյոբեքլիթեփե՝ գրում է Eremenihaber-ը:
Էրսոյը նշել է, որ անվանափոխության պատճառը տարածքում ևս 11 բարձունքի առկայությունն է։
«Նոր անունը կդնենք «12 բարձունք» (12 թեփե): Այն մեծ ճանաչում կունենա: Այժմ տարածքում լայնածավալ աշխատանքներ են տարվում, սեպտեմբերին կներկայացնենք արդյունքները»,- ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ Պորտասարի շրջակայքում հայտնաբերվել են նաև մի շարք կարևոր հնագիտական կենտրոններ:
Հիշեցնենք, որ Պորտասարի ավերակներն ընդգրկված են աշխարհի ամենահին վայրերի ցանկում։ 1994 թվականից տեղանքը հետազոտում են գերմանացի և թուրք հնագետները: Այս հնավայրի պատմությունը սկիզբ է առնում Ք.ա. 10-րդ հազարամյակից։
Այստեղ է գտնվում աշխարհում ամենահինը համարվող տաճարը, որի կանգուն սյուներին էկզոտիկ բույսեր ու կենդանիների պատկերներ են քանդակված։ Տարածքում հայտնաբերվել են նաև անտիկ շրջանի մարդկանց կերպարներ։