Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Աբովյան քաղաքում թիվ 29/20 ընտրատեղամասում մի ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք է արձանագրվել, որը կանխվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:
«Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ: Դրանց շրջանակներում կպարզվեն բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հանցավոր արարքում, սխեմաներում ներգրավված այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը:
Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերում է քվեարկության գաղտնիության խախտմանը, մասնավորապես, ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելուն, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելուն:
Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ կրկին կոչ եմ անում ընտրություններում ներգրավված սուբյեկտներին՝ զերծ մնալ ընտրողի ազատ կամարտահայտման վրա ազդելու, նրան ուղղորդելու, նրա քվեարկությունը որևէ ձևով վերահսկելու և այդ նպատակով որևէ սխեմա կիրառելու փորձերից: Բացահայտված դեպքերն անհետևանք չեն մնալու, և պատասխանատվությունից խուսափել չի լինելու:
Ընտրողներին կոչ եմ անում չտրվել ներգործության միջոցների, իսկ իրենց նկատմամբ նման փորձերի դեպքում հայտնել իրավապահ մարմիններին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աբրահամյանը: