Հուլիսի 11-ին Մոլդովայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Երկրի ռուսամետ ու արևմտամետ ուժերի առաջնորդները՝ նախկին նախագահ Դոդոնը և ներկայիս նախագահ Սանդուն, սկսել են ընտրություններին արտասահմանում ապրող իրենց հայրենակիցներին ակտիվացնելու աշխատանքը, գրում է EaDaily-ն:
Մոլդովայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ, հանրապետության նախկին նախագահ Իգոր Դոդոնը մեկնել է Ռուսաստան, եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության ղեկավար, ներկայիս նախագահ Մայա Սանդուն էլ այցելել է Իտալիա: Նախագահության սկզբից նա եղել է Գերմանիայում, Ռումինիայում, Բելգիայում, Ֆրանսիայում:
2020-ի աշնանը կայացած նախագահական ընտրություններում Ռուսաստանում մոլդովական սփյուռքը, որն ավանդաբար աջակցում է սոցիալիստներին, ցույց տվեց ծայրաստիճան ցածր ակտիվություն: Արդյունքում՝ հաղթեց եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության թեկնածու Մայա Սանդուն: Այս փաստը ստիպել է Դոդոնին ավելի զգոն և ակտիվ լինել Ռուսաստանի սփյուռքին ներգրավելու գործում: Սանդուն էլ, ոգևորված նախագահական ընտրությունների հաջողությամբ, փորձում է այս անգամ էլ հօգուտ իր կուսակցության օգտագործել Եվրամիության երկրներում գտնվող միգրանտների ձայները: