Բրյուսելում կայացած ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովից հետո կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հայտնելով իրենց նվիրվածությունը անդրատլանտյան գործընկերությունը վերականգնելու հարցում:
Համատեղ խնդիրների շարքում Միացյալ նահանգներն ու Եվրամիությունը նշել են COVID-19 համավարակի ավարտը և համաշխարհային առողջապահության ոլորտում հետագա գլոբալ մարտահրավերներին պատրաստվելը, համաշխարհային տնտեսության կայուն վերականգնման խթանումը, երկրագնդի պաշտպանությունը և կայուն զարգացում ապահովելը, առևտրի ընդլայնումը, ներդրումները և տեխնոլոգիական համագործակցությունը: Կողմերի նպատակն է նաև կառուցել ավելի ժողովրդավար, խաղաղ և անվտանգ աշխարհ:
Գագաթնաժողովի մասնակիցները պարտավորվել են աջակցել COVAX մեխանիզմին և կոչ են արել մինչև 2021 թվականի ավարտը 2 մլրդ դեղաչափ պատվաստանյութ ունենալ ամբողջ աշխարհում: Նրանք նպատակ ունեն մինչև 2022 թ. վերջը պատվաստել աշխարհի բնակչության առնվազն 2/3-ին:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը մտադիր են ամրապնդել համագործակցությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում նշանակալի բարեփոխումներ իրականացնելու համար:
Ռուսաստանին վերաբերող բաժնում նշված է. «Մենք միասնական ենք Ռուսաստանի նկատմամբ մեր սկզբունքային մոտեցման հարցում և պատրաստ ենք վճռականորեն արձագանքել նրա կողմից բացասական վարքի և վնասակար գործողությունների կրկնվող սցենարների դեպքում: Միևնույն ժամանակ, մենք պահպանում ենք կապի բաց ուղիները և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ընտրովի համագործակցության հնարավորությունները»,- ընդգծվում է փաստաթղթում:
ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ ասել է, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը ցանկանում են հասնել Ռուսաստանի հետ ավելի կանխատեսելի հարաբերությունների:
«Մենք միասնական ենք Ռուսաստանի նկատմամբ մեր մոտեցման հարցում: ԵՄ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերություններն այժմ բացասական պարույրում են, և մենք կցանկանայինք այն վերածել ավելի կանխատեսելի հարաբերությունների», - ավելացրել է Լայենը:
Միացյալ Նահանգները և Եվրամիությունը նաև նշել են, որ իրենք շարունակելու են աջակցել բարեփոխումներին Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայում, ինչպես նաև Բելառուսի ժողովրդին՝ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը հարգելու նրանց կոչերի հարցում: Համաձայն ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության՝ աշխատանքները կշարունակվեն նաև Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության ուղղությամբ: