Կիրակի Իսրայելի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեց նոր կոալիցիոն կառավարությունը՝ վերջ դնելով Բենիամին Նեթանյահուի 12-ամյա կառավարմանը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Հաջորդ կառավարությունը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար, աջ քաղաքական գործիչ Նաֆթալի Բենեթը, որը կոալիցիոն կառավարություն է ստեղծում կենտրոնամետ ձախ ուժերի առաջնորդ Յաիր Լապիդի հետ: Կողմերը համաձայնության են եկել, որ Բենեթը վարչապետ կլինի առաջին երկու տարին, հաջորդ երկու տարին՝ մինչև նոր խորհրդարանական ընտրությունները, այդ պաշտոնը կզբաղեցնի Լապիդը:
Մինչև քվեարկությունը Բենեթը ելույթ է ունեցել խորհրդարանում, որը գոռոցներով բազմիցս ընդհատել են «Լիկուդի» ու Նեթանյահուին հավատարիմ ծայրահեղ աջակողմյան կրոնական երկու կուսակցությունների պատգամավորները: Նրանցից մի քանիսին նույնիսկ ստիպված են եղել նիստերի դահլիճից վտարել՝ «քվեարկության ընթացակարգը խափանելու փորձի» համար:
Իր պարտության հետ չի հաշտվում նաև Նեթանյահուն: Նա դեմ է նոր կառավարությանը՝ աջերի ու ձախերի միավորմանը՝ այն անվանելով «խարդախության և կապիտուլյացիայի վտանգավոր կոալիցիա», և խոստացել է «շատ արագ այն տապալել»: Մինչդեռ Իսրայելում շարունակվում է հենց Նեթանյահուի դեմ դատական հետապնդումը: Նրան մեղադրում են կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման համար, ինչը նախկին վարչապետը հերքում է: