«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից առաջ կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հանդիպումը: Քարբիս-բեյ փոքր քաղաքում երկու պետության ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին, համավարակի դեմ պայքարին, կլիմայի փոփոխությանը վերաբերող հարցեր: Հանդիպման գլխավոր արդյունքը համարվում է Բայդենի ու Ջոնսոնի կողմից նոր Ատլանտյան խարտիայի ստորագրումը: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:
«Մեր առաջնահերթ խնդիրն է պաշտպանել ժողովրդավարության սկզբունքները, արժեքներն ու ինստիտուտները և բաց հասարակությունները, որոնք որոշում են մեր ուժը՝ որպես պետություններ և դաշինքներ: Մենք կխթանենք թափանցիկությունը, կպաշտպանենք օրենքի գերակայությունը, կօգնենք քաղաքացիական հասարակությանն ու անկախ լրատվամիջոցներին: Մենք նաև պայքարելու ենք անարդարության ու անհավասարության դեմ, պաշտպանելու ենք մարդու արժանապատվությունն ու իրավունքները»,- ասվում է նոր Ատլանտյան խարտիայում:
Կողմերը «հավատարիմ են մնում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և վեճերի խաղաղ լուծման սկզբունքներին»: Նրանք պարտավորվում են ամրապնդել ֆինանսական կայունությունը և թափանցիկությունը, պայքարել կոռուպցիայի և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ:
Բացի այդ, Լոնդոնը և Վաշինգտոնն ընդունել են կլիմայի փոփոխության դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորել առողջապահության ոլորտում համագործակցության ամրապնդումը:
Նոր փաստաթուղթը համեմատում են 1941 թվականի Ատլանտյան խարտիայի հետ, որը ստորագրել էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը և ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը: Այն համարվում է հակահիտլերյան կոալիցիայի հիմնական փաստաթղթերից մեկը: Հռչակագրում ներկայացված սկզբունքները հետագայում դրեցին Երկրորդ աշխարհամարտից հետո ՄԱԿ-ի և քաղաքատնտեսական աշխարհակարգի ստեղծման հիմքը: 1941 թ. սեպտեմբերի 24-ին ԽՍՀՄ-ը նույնպես հայտնեց իր համաձայնությունը խարտիայի սկզբունքներին: