Անազատության մեջ գտնվող ադրբեջանցի բլոգեր Էլչին Հասանզադեն տեղափոխվել է արդարադատության նախարարության բժշկական հաստատություն: Այս մասին նա հայտնել է «Ամերիկայի ձայն» ռադիոյին:
Ազատազրկման ժամանակահատվածում նրա մոտ առաջացել են սրտի և երիկամների խնդիրներ: Հասանզադեն խնդրել է տեղեկացնել պետության ղեկավարին, միջազգային կառույցներին և լրատվամիջոցներին, որ ինքը տուժել է կոռուպցիայի բացահայտման պատճառով:
«Պետության ղեկավարն անձամբ լրատվամիջոցներին կոչ արեց բացահայտել կոռուպցիան և օգնել իրեն դրա դեմ պայքարում: Ես նկարահանել և ցույց եմ տվել կոռուպցիայի վերաբերյալ փաստերը, ինչի համար ինձ ձերբակալել են: Իմ հոդվածում ես գրել էի՝ «մեծ եղջյուրավոր պաշտոնյա» և դրա համար դատապարտվել 8 ամսվա ազատազրկման»,- ասել է բլոգերը:
Այս տարվա մարտի 2-ին Շեքիի Վերաքննիչ դատարանը բլոգերներ և ակտիվիստներ Էլչին Հասանզադեին ու Իբրահիմ Թյուրկոյին դատապարտել է 8 ամսվա ազատազրկման՝ զրպարտության և վիրավորանքի մեղադրանքով: