Քարոզարշավի երրորդ օրն է, օդի ջերմաստիճանը՝ պլյուս 33: Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջին եռյակը Վեդիում է՝ «Պաշտպանենք պետությունը» կարգախոսով:
Նախընտրական ելույթով ամբիոնի մոտ առաջինը կուսակցության նախագահն է: Արամ Սարգսյանը Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության մեջ է տեսնում վաղվա հզոր Հայաստանը, ներկայացնում համար 15-ի ծրագիրը: Տնտեսական ակտիվ ներդրումներ, սահմանադրական փոփոխություններ, անցում ագրոարդյունաբերական համալիրին:
Արամ Սարգսյան, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու (ՀԴԿ) - Եթե դուք ինչ-որ արտադրանք եք տալիս, պետությունը քեզ պետք է պատվեր տա, ասի՝ գիտես, գյուղացի, ես քեզնից դա անպայման գնելու եմ:
Հունիսի 21-ից հետո ապագա կառավարությունը պետք է ձևավորեն նվիրված, ոլորտի բանիմաց, գիտակ մարդիկ. վեդեցիների հետ նախընտրական հանդիպումը շարունակում է կուսակցության առաջին կին թեկնածուն: Ոչ միայն սրտով, այլև մտքով է առաջարկում քվեարկել Նարինե Դիլբարյանը՝ ըստ ծրագրերի ու գաղափարների: Նոր խորհրդարան, նոր կառավարություն ու սահմանադրություն, որը կփոխի անվտանգային համակարգը և տնտեսության զարգացումը:
Նարինե Դիլբարյան, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու (ՀԴԿ) - Լայն առումով՝ անվտանգության համակարգը հենց այն է, ինչի մասին դուք բոլորդ անհանգստանում եք: Դրանք և՛ աշխատատեղերն են, և՛ կրթությունը: Որպես համալսարանի երկարամյա դասախոս և հանրային գործիչ, ասեմ այն հրաշալի խոսքերը, որ Եղիշեինն են. բոլոր չար մտքերը մտնում են մարդկանց մեջ անուսումությունից, և գուցե հենց դա է պատճառը, որ այս վիճակում ենք:
Տիգրան Արզաքանցյանին ձայն ընտրություններին կտան համոզված է՝ մարզային հանդիպումներում է տեսել, համոզվել՝ ժողովուրդն իրեն սիրում, վստահում է, ասում է՝ փորձ ունի, գործ ունի: Տնտեսության զարգացում, բանակի արդիականացում. սրանք են Արզաքանցյանի համար կարևոր առաջնահերթություններն անվտանգ Հայաստան, միասնական հայրենիք ունենալու համար:
Տիգրան Արզաքանցյան, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ցուցակի առաջին համար - Ամենակարևորը՝ մենք պետք է մեր կաշվի վրա զգանք, որ հարկավոր է պահպանել մեր պետությունը, մեր սահմանը, սահմանադրությունը:
Արզաքանցյանը նախընտրական հանդիպումներից բացի նաև սահմանում է եղել, հանդիպել սահմանապահներին: Տղերքին դուխ տալ է պետք:
Տիգրան Արզաքանցյան - Ադրբեջանի զինվորները մեր տնից 7 կմ-ի վրա են: Մեր զինվորն ինքը հոգեբանական աշխարհ չունի, ասում է՝ պարոն Արզաքանցյան, ի՞նչ անենք, թույլ չեն տալիս ձերբակալենք դրանց: Ես չեմ գալիս իշխանության, որ նախկիններին քննադատեմ:
Հայաստանի դեմկուսը բոլորին կոչ է անում համախմբվել, հզոր պետություն կառուցել, վերադարձնել Արցախն ու Արևմտյան Հայաստանը: