Քարոզարշավի երկրորդ օրը Հայ ազգային կոնգրեսի անդամները 44-օրյա պատերազմի մասնակիցների հետ հանդիպմանը նկատեցին, որ այս ընտրությունն էլ պատերազմի հետևանք է։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարևոր համարեց ազատամարտիկին արժևորելը, քանի որ հենց նրանք են իրենց կյանքը վտանգում հանուն ընտանիքի ու հայրենիքի պաշտպանության:
Լևոն Զուրաբյան (ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀԱԿ) - Միայն այն հասարակություններն ու ազգերն են ուժեղ, որոնք կարողանում են իրենց զինվորին անհրաժեշտ պատիվ մատուցել, որոնք կարողանում են պետական հոգատարություն տանել զինվորի ու կռված մարդու նկատմամբ:
Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում ընկած տղաների հիշատակը, որից հետո ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը շեշտեց՝ այստեղ հավաքված է ազգի սերուցքը:
Արամ Մանուկյան (ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀԱԿ) - Ժողովուրդն ամեն ինչ արեց, որ դառնա հաղթանակ, եթե ինչ-որ բան չի ստացվել, բացարձակ ոչ մի կռված տղա, դպրոցական, ուսուցիչ, սփյուռքից ներդրող մեղք չունեն, նրանք ամենն արել են, պարտվել ենք քյալլագյոզության, դիվանագիտության ու ոչ հաշվարկի պատճառով:
ՀԱԿ-ի ցուցակում ներառված է 44-օրյա պատերազմին մասնակցած, 2 ամիս գերության մեջ մնացած Պերճ Ավետիսյանը: Նա հիշեց՝ գերության մեջ պահ է գալիս, չես ուզում արթնանալ, որ ոչինչ չզգաս:
Պերճ Ավետիսյան (ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀԱԿ) - Մի փոքրիկ բան եմ ուզում ասել ներկայիս վարչապետին, երբ նա ասում է՝ թող գերիները մեկ-երկու ամիս այնտեղ համբերեն, հետո կգան, մեզ կներեն: Ոչ ոք, եթե գերության մեջ չի եղել, երբեք չի կարող ասել, թե նա այնտեղ ինչպես է զգում իրեն, արդյոք վերադառնալուն պես կների՞:
Հարց ու պատասխանի ընթացքում էլ ազատամարտիկները ներկայացրեցին այն խնդիրները, որոնց բախվել են: Մարտին Մինասյանին մտահոգում է զինկոմիսարիատների հարցը:
Կոնգրեսականները վստահեցրին՝ հավաքվել են կռված տղաների կարծիքներն ու առաջարկները լսելու, երկիրը դժվարին իրավիճակից հանելու համար: