Երկարատև դադարից հետո «Հարավկովկասյան երկաթուղու» ուղևորատար գնացքը կրկին կհատի Վրաստանի սահմանը: Հայաստանն ու Վրաստանը վերսկսում են երկաթուղային հաղորդակցությունը:
Ճանապարհորդելն արդեն ավելի հարմարավետ կդառնա: Հայաստան է բերվել 27 նոր ուղևորատար վագոն։
Ուղևորության ընթացքում արդեն հնարավոր է նույնիսկ ցնցուղ ընդունել: Խմելու ջուրը մաքրվում է հատուկ սարքերով: Չեն մոռացել նաև ուղեկցորդների հագուկապի մասին:
Սուրեն Պապիկյան (ՏԿԵ նախարարի պաշտոնակատար) - Երկու ամսում կունենանք երկու էլեկտրագնացք, որոնք բաղկացած են երկու վագոնից. դա արդեն ներքին երթևեկի համար է:
16-ը կուպե, 5-ը՝ ննջավագոն, 6-ը՝ պլացքարտ, յուրաքանչյուրը՝ 1 մլն ամերիկյան դոլար արժեքով:
Ալեքսեյ Մելնիկով («Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն) - Սա նշանակալից իրադարձություն է: Սրանով մենք նոր էջ ենք բացում «Հարավկովկասյան երկաթուղու» ուղևորափոխադրումների պատմության մեջ: Իմ կարծիքով՝ ճանապարհորդությունը սկսում է ոչ թե հանգստավայր, այլ հենց վագոն մուտք գործելիս, և մենք ամեն ինչ կանենք, որ այն ավելի հարմարավետ լինի:
Ռուսական կողմը Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքում ներդրել է ավելի քան 300 միլիոն դոլար:
Սերգեյ Կոպիրկին (ՀՀ-ում ՌԴ դեսպան) - Շատ կարճ ժամանակահատվածում ուղևորատար շարժակազմը գրեթե ամբողջությամբ թարմացվել է: Այն նոր շունչ կտա Հայաստանի տնտեսությանը: Սա նաև նշանակում է, որ ռուսական կողմը ամբողջությամբ կատարում է իր առջև դրված պայմանագրային պարտավորությունները: Հայկական կողմի խնդրանքով՝ ժամանակի և ներդրումների մեծացման առումով, ավելացրել ենք մենք ջանքերը:
Առաջին գնացքը Երևանից Թբիլիսիով Բաթում կմեկնի հունիսի 15-ին: