Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել տարբեր քաղաքական ուժերի 6 թեկնածուի գրանցումը: Քվեարկության ընթացքի, արդյունքների ամփոփման գործընթացի նկարահանման իրավունքը կստանա Ucom-ը: Ընկերությունն ուղիղ եթերով կհեռարձակի 1500 ընտրատեղամասում արձանագրվածը:
ԿԸՀ-ն մերժել է ՀԱՊ կուսակցության ներկայացուցչի դիմումը, որով պնդել է, թե «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն ու «Հայաստան» դաշինքը թույլ են տվել իրավախախտում՝ նախընտրական արշավը սկսել սահմանված ժամկետից վաղ: Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով ու «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը ԿԸՀ-ն ճանաչել է նախընտրական քարոզչության հետ ասոցացվող: Դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարել է՝ այդ հարցով դիմելու են Վարչական դատարան: «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումն էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել է անվավեր՝ վերջին 4 տարում Հայաստանում բնակվելու պահանջներին չհամապատասխանելու համար: Ներկայացված փաստաթղթերը, թե Պողոսյանը սովորել է Բելգորոդի հետազոտական համալսարանում, բուհը հերքել է:
Տիգրան Մուկուչյան (ՀՀ ԿԸՀ նախագահ) - «Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մկրտչյանի գրությամբ փաստվում է, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Պողոսյանը վերջին 4 տարում հանրապետությում մշտապես բնակվող չէ, չունի ընտրվելու իրավունք: Նման եզրահանգման է հանգում ԿԸՀ-ն սույն վարույթի շրջանակներում առկա փաստաթղթերի և վարչական դատարանի վարչական գործով վճռի ուսումնասիրմամբ: Առաջարկվում է «Պատիվ ունեմ» ընտրական դաշինքում ընդգրկված թեկնածու Միհրան Սուրենի Պողոսյանի գրանցումը ճանաչել անվավեր»: