«Հայաստան» դաշինքի քարոզարշավն այսօր մեկնարկել է Գորիսից։ Դաշինքի պատգամավորի թեկնածուները վստահ են՝ Հայաստանը ճգնաժամից կարող է դուրս բերել միայն երկրորդ նախագահը։ Պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը արձանագրում է՝ եթե ճիշտ ընտրություն անեն, իրավիճակը կարող է փոխվել։
Աննա Գրիգորյան («Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու) - Հունիսի 20-ից հետո գալու է Հայաստան, որտեղ պոպուլիզմին փոխարինելու է առողջ և բանական, ռացիոնալ միտքը։ Դատարկ խոսքերին՝ գործուն քայլերը, քաոսին, որ ամենուրեք է տիրում, այդ թվում՝ պետական համակարգում նաև՝ համակարգվածությունը, անորոշությանը՝ կայունությունը։ Բոլորս իրար հետ առաջ՝ «Դեպի ուժեղ Հայաստան»։
Տնտեսությունը փլուզված է 80 տոկոսով, սակայն 20 տոկոսից էլ հնարավոր է այն վերականգնել՝ վստահ է պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանը։ Դաշինքն ունի ծրագրեր՝ վերականգնելու Սյունիքում գյուղատնտեսությունը, տուրիզմը։
Վահե Հակոբյան («Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու) - Աշխատանքները ահռելի են լինելու, բայց առանց ձեզ մենք ոչինչ չենք կարողանալու անել։ Մենք այստեղ ենք, որպեսզի ձեզանից խնդրենք ձեր վստահության քվեն։
Իշխան Սաղաթելյանն էլ վստահ է, որ հունիսի 20-ին պետք է Հայաստանի ու հայ ժողովրդի համար նոր էջ բացեն։ Մեկ տարվա ընթացքում խոստանում են վերականգնել բանակը, երեք տարվա ընթացքում՝ լուծել սպառազինության խնդիրները։
Իշխան Սաղաթելյան («Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու) - Փոխելու ենք Կառավարության կառուցվածքը, վերականգնելու ենք գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները։ Հստակ ասում ենք, թե գյուղատնտեսությունում ինչ բարեփոխումներ ենք անելու։ Երեք տարվա մեջ լուծելու ենք ոռոգման խնդիրը։ Հստակ նշում ենք՝ առողջապահության, կրթության, սոցիալական ոլորտում ինչ ծրագիր ենք անում։
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը այս ընտրությունը ճակատագրական է համարում ու հավաստիացնում, որ ընտրությունը անձերով պայմանավորված չէ։ Յուրաքանչյուր ընտրող պետք է ինքը որոշի՝ ինչ երկրում է ցանկանում ապրել։
Ռոբերտ Քոչարյան («Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար) - Մենք ուզում ենք ունենալ անվտանգ երկի՞ր, թե՞ ուզում ենք շարունակել ծնկաչոք ապրել։ Մենք ուզում ենք ունենալ թռիչքաձև աճող տնտեսությո՞ւն, թե՞ մենք ուզում ենք շարունակի աճել գործազրկությունը, աղքատությունը և արտագաղթը։ Մենք ուզում ենք ներքին համերաշխություն, կայունությո՞ւն, թե՞ ուզում ենք շարունակվի ատելության մթնոլորտը ներսում։ Ընտրությունը հենց դրա մասին է, կրկնեմ՝ ոչ թե անձերի, միավորների։
Ռոբերտ Քոչարյանը հորդորում է հնարավորություն տալ իրենց՝ առաջնորդելու երկիրը: Անդրադառնում է նաև իր ընտրվելու դեպքում Սուրիկ Խաչատրյանի հնարավոր վերադարձին:
Ռոբերտ Քոչարյան - Լուրեր են շրջանառվում Գորիսում, որ դուք հենց դարձաք Հայաստանի վարչապետ, Սյունիք եք վերադարձնելու Սուրիկ Խաչատրյանին և նրան նորից մարզպետ եք նշանակելու։ Հրաչուհի, դուք հումորի լավ զգացում ունեք։ Սիրելի ժողովուրդ, կարող եմ ասել, որ մեր ցուցակում այդպիսի անձնավորություն չկա։
Գորիսից հետո հաջորդ կանգառը՝ Սիսիան: Անվտանգություն, տնտեսական իրավիճակ, ներքաղաքական կայունություն: Այս երեք հիմնական բաղադրիչներն են, հաղթելու դեպքում, լինելու դաշինքի մարտահրավերները:
Ռոբերտ Քոչարյան - Վերցրեք թուղթ ու գրիչ, պարտադիր անջատեք Հ1-ը, սորոսական լրատվամիջոցներն ու հանգիստ շարադրեք երկրի մարտահրավերները։ Ես վստահ եմ՝ մեր բնակչության 99 տոկոսը գրելու է անվտանգություն, գրելու է՝ տնտեսական իրավիճակ, գրելու է՝ ներքաղաքական մթնոլորտ։ Դրանից հետո մեր քաղաքացին պետք է անի երկրորդ քայլը՝ պատասխանի հարցին, թե ներկա իշխանությունը ի վիճակի՞ է այս ամենն անի։ Իմ կարծիքով՝ բացարձակ ոչ։
Քոչարյանը հիշեցնում է, որ իր ղեկավարման տարիներին սակագները կայուն են եղել, ապրանքների գները՝ ցածր, աշխատավարձը բարձրացել է 5 անգամ։ Գորիսում, Սիսիանում հանդիպումներից հետո «Հայաստան» դաշինքի թեկնածուներն այցելեցին նաև Ջերմուկ, Վայք ու Եղեգնաձոր: