«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական պաշտոնական քարոզարշավն սկսել է Տավուշի մարզում: Հայաստանի «Հանրապետական» ու «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ ստեղծված դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանն իր խոսքում ներկայացնում է, թե քաղաքացիները ինչու պետք է հենց իրենց քվեաթերթիկը գցեն արկղը:
Արթուր Վանեցյան, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համար - Վստահեք մեզ, որովհետև մենք ուժեղ ենք, արդարամիտ և խոհեմ: Վստահեք, եթե ուզում եք ազատել մեր երկիրը չարի լծից և վերականգնել արդարությունն ու արժանապատվությունը: Վստահեք մեզ, եթե հոգնել եք նախկին-ներկա, սև-սպիտակ, աջլիկ-ձախլիկ կործանարար բաժանումներից, որովհետև մեր դաշինքն ստեղծվել է 2018-ին չգնահատված, իսկ հիմա հանրային ափսոսանքի կիզակետ Սերժ Սարգսյանի և սրանց կեղծավորությունն ու անհայրենիքությունը մի քիչ ուշացումով, բայց, այնուամենայնիվ, բացահայտած ձեր խոնարհ ծառայի միասնությամբ:
Այս ընտրությունը ոչ նպատակ էր, ոչ երազանք, սա պարտադրված արտահերթ ընտրություն է՝ ասում է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյան, ՀՀԿ նախագահ - Մենք ընդունեցինք մարտահրավերը, և պատրաստ ենք այս կռիվը կամ, ինչպես մեր էպոսում է ասվում, վերջին զարկը տալու հանուն Հայաստանի ապագայի: Սեփական աթոռը հայրենիքից առավել սիրող այս կապիտուլյանտների իշխանությունը, ցավոք, չհեռացավ և ընտրեց հոգեբանական ծանր վիճակում գտնվող ժողովրդին նոր ցնցումների՝ արտահերթ ընտրություններին տանելու ճանապարհը, որին ի սկզբանե մենք դեմ էինք:
Բացման ելույթներից հետո դաշինքի անդամներն սկսեցին ներկայացնել «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագիրը: Վստահեցնում են՝ ընտրվելուց հետո կվերացնեն բյուրոկրատական՝ փաստաթղթային քաշքշուկները, կավելացնեն ՏԻՄ-երի լիազորությունները, կամրապնդեն պետություն-եկեղեցի կապը: Դատական իշխանությունից քաղաքականություն անցած արդեն նախկին դատավորը վստահեցնում է՝ ընտրվելուց հետո վերացնելու են դատական համակարգի նկատմամբ ճնշումները, իսկ կոռուպցիոն հանցագործություններից ոչ մեկն անպատիժ չի մնալու: Դաշինքի համար առաջնային է նաև սահմանամերձ բնակավայրերի խնդիրների լուծումը:
Աննա Մկրտչյան, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ - Ուզում ենք կարևորել մարդու անձնային և մասնագիտական աճը, պետության համար ստեղծել հանրային արժեք և ձևավորել պետականամետ, հայրենանվեր և քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ օժտված անհատների:
Ծրագրի հիմնական դրույթներից են նաև արտաքին քաղաքականությունը, Արցախն ու անվտանգությունը: Ծրագրի դրույթները թեկնածուները դեռ մանրամասն կներկայացնեն քաղաքացիների հետ մյուս հանդիպումների ժամանակ: Սակայն հենց առաջին հանդիպմանը դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը ստորագրությամբ հաստատում է ծրագիրը, ստանձնում պատասխանատվություն՝ ծրագրով փրկել հայրենիքը: