Ո՛չ նախկին, ո՛չ ներկա, ազգային ապագա է խոստանում «Ազգային ժողովրդավարական բևեռը»: Կուսակցությունը կանխատեսում է՝ շռնդալից մուտք են ունենալու խորհրդարան: Հավաստիացնում են՝ որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա չեն կազմելու: Հայաստանի զարգացման իրենց ծրագրերն ու պատկերացումներն ունեն: Սև Ծով-Պարսից ծոց ծրագրի իրագործման պարագայում կուսակցության պատգամավորի թեկնածու Գարեգին Չուգասզյանը միլիարդավոր դոլարների հոսք է ակնկալում մեր երկիր, ինչպես նաև չորրորդ արդյունաբերական հեղաշրջում և անվտանգություն: Կուսակցության վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունը դեպի արևմուտք է տեսնում՝ Միացյալ նահանգներ, Ֆրանսիա: Միևնույն ժամանակ հայտարարում՝ Հայաստանի երրորդ հանրապետությունը պարտավոր է դառնալ Առաջին Հանրապետության իրավահաջորդը՝ 1920-ի սահմաններով:
Վահե Գասպարյան, «Ազգային-ժողովրդավարական բևեռի» ցուցակի 1-ին համար - Առաջին Հանրապետության տարածքային ամբողջականության մեջ ենք տեսնում նաև Արցախի հարցի լուծումը: Այսպես կոչված՝ Երրորդ Հանրապետությունը և այսպես կոչված՝ անկախ Արցախը, որը պիտի իբր կայանար ազգերի ինքնորոշման վրա: Դրանք այն կեղծ գաղափարներն էին, որոնք 30 տարի կեղծ պարտադրված էին Կրեմլի կողմից: Մենք ասում ենք՝ եկել է ժամանակը, որ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԱՄՆ-ին՝ ստանալու ԱՄՆ ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակը, որը թույլ կտա իրական երաշխիքներ ստանալ ոչ միայն պաշտպանության ոլորտում, այլև ռազմարդյունաբերության, տեխնոլոգիաների կիրառման: