ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ինքնաթիռը տեխնիկական պատճառով թռիչքից 30 րոպե անց վերադարձել է Մերիլենդ նահանգի Էնդրյուս ավիաբազա: Այս մասին հայտնում է cbsnews-ը:
Ժամուկես հետո Հարիսը Գվատեմալա և Մեքսիկա է մեկնել մեկ ուրիշ ինքնաթիռով: Դա նրա առաջին արտասահմանյան այցն է՝ որպես փոխնախագահ:
Քամալա Հարիսի խոսնակ Սիմոնե Սանդերսը վստահեցրել է, որ թռիչքի ընդհատումը տեղի է ունեցել տեխնիկական պատճառով, և «անվտանգության լուրջ խնդիրներ չկան»:
Մարտին Նախագահ Ջո Բայդենը Հարիսին հանձնարարել էր ղեկավարել վարչակազմի դիվանագիտական ջանքերը Հյուսիսային եռանկյունու երկրների (Գվատեմալա, Հոնդուրաս, Էլ Սալվադոր) և Մեքսիկայի հետ` օգնելու կասեցնել միգրացիայի հոսքը հարավային սահմաններում: Հարիսը պատրաստվում է երկօրյա այցի ժամանակ հանդիպել երկու երկրների նախագահների հետ և տեղում քննարկել խնդիրները: