Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզի Գեղանիստ համայնքում բնակիչներից մեկը խնդրեց խիստ պատժել դավաճաններին: Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ չի կարելի թացը չորի հետ խառնել:
«Հիմա հարց են տալիս, ասում են՝ ի վերջո, դավաճանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Գիտեք, առաջիկա օրերին մի հաղորդագրություն կլինի պետական դավաճանության դեպքի բացահայտման մասին»,- ասաց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ խոսքը կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի մասին է:
«Պարզվում է, որ նա, պատերազմի ընթացքում լինելով մարտի դաշտում, եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ և Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման և այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին: ԱԱԾ-ն այդ մարդուն արդեն ձերբակալել է, ես գիտեմ նրա անուն, ազգանունը, գիտեմ այն ջոկատի անունը, որի հրամանատարն է եղել»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ սա կոնկրետ պետական դավաճանության դեպք է, և դեռ պետք է նրա մեղքը ապացուցվի:
«Բայց ես ուզում եմ թացը չորից հետ չխառնենք»,- կրկնեց վարչապետի պաշտոնակատարը և հավելեց, որ հարցեր կան, որոնք պատասխաններ պետք է ստանան: