ԲԱՅԴԵՆԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀՈՒՇԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուշագիր է ստորագրել՝ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարը հռչակելով երկրի ազգային անվտանգության ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկը: Կառավարությանը հանձնարարվել է 200 օրվա ընթացքում վերանայել և նախագահին ներկայացնել զեկույց առաջարկություններով, թե ինչպես պետք է կառավարությունն ու իր գործընկերները ուժեղացնեն, համակարգեն կոռուպցիայի դեմ պայքարի խստացված քայլերը: Հուշագիրը նախատեսում է միջազգային գործընկերություն՝ կոռուպցիայի ֆինանսավորմանը հակազդելու համար: Պետք է նաև պատասխանատվության ենթարկեն այն անձանց, որոնք, ըստ Վաշինգտոնի, ներգրավված են նման ապօրինի գործողությունների մեջ:
ԱՄՆ-Ն ԻՐԱՆԻ ՀԵՏ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՈՐ ԳՈՐԾԱՐՔԻ ԱԿՆԿԱԼԻՔ ՈՒՆԻ
ԱՄՆ-ն ակնկալում է, որ կկայանա Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ անուղղակի բանակցությունների վեցերորդ փուլը, այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: Նախօրեին Եվրամիության բանագնացը հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ ոչ միայն կկայանան բանակցությունները, այլև կկնքվի գործարք կողմերի միջև: Գործարքի վերականգնման հույս էր հայտնել նաև Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Արաղչին: Մյուս բարձրաստիճան դիվանագետներն ավելի զգույշ են այդ հարցում և հայտարարում են, որ ամենաբարդ որոշումները դեռ առջևում են:
ԱՄՆ ՍԵՆԱՏՈՐՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ
ԱՄՆ սենատորների պատվիրակությունը`սենատոր Ջին Շահինի գլխավորությամբ, այցելել է Վրաստան` հավաստիացնելու, որ Միացյալ Նահանգները կանգնած է Վրաստանի ժողովրդի կողքին իրենց ժողովրդավարությունն ամրապնդելու ջանքերում: Սենատորները հանդիպել են Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և այցելել Հարավային Օսիայի հետ վարչական սահմանագիծ: Այցի ընթացքում սենատորները կհանդիպեն քաղաքացիական հասարակության անդամների և Վրաստանի կառավարության ներկայացուցիչների, ներառյալ՝ Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ: