Գյումրու Մուշ թաղամասի կենտրոնում Գյումրու ավագանու որոշմամբ շուրջ 60 հա տարածք է հատկացվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ «Մեր Գյումրի» բնակարանաշինական ծրագիր իրականացնելու համար։
Ծրագիրը մեկնարկել է առայժմ երկու բազմաբնակարան շենքի և կից մանկապարտեզի շենքի շինարարությամբ։
Հենրիկ Գասպարյան (Գյումրու գլխավոր ճարտարապետ) - Ծրագիրը ունի շարունակություն: Դեռևս առաջին երկու շենքերն են, որ կառուցվում են, աշխատանքներն արդեն սկսված են: Հիմա հողային աշխատանքներն են սկսվել: Արդեն հիմնային աշխատանքները սկսվել են, կառուցումը մեծ թափով ընթանում է: Նախատեսվում է տարիուկեսում ավարտել շենքը:
Այս բնակարանաշինությունը հնարավոր է դարձել իրագործել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2019 թ. Լոս Անջելեսում իրականացված դրամահավաքի ժամանակ հայ համայնքի հանգանակությունների շնորհիվ։ Շինարարությունը պետք է մեկնարկեր անցած տարի սեպտեմբերին, բայց պատերազմը ժամկետները խախտեց։
Չորսհարկանի բազմաբնակարան շենքերը սնուցվելու են արևային էներգիայով, տանիքներին արևային վահանակներ կտեղադրվեն։ Հիմնադրամին մտահոգել է նաև տարածքի բնակիչների զբաղվածության հարցը, ձեղնահարկերում արհեստանոցներ կհիմնեն, որ բնակիչները հնարավորություն ունենան մասնագիտություն ձեռք բերել: Ապագա բնակիչներին հիմնադրամն է ընտրելու։
Քաղաքապետարանում լավատես են, կարծում են՝ ծրագիրը նաև շարունակություն կունենա։ Գյումրիում դեռ հարյուրներով են հաշվվում անօթևանության կարգավիճակ ունեցող ընտանիքները։ Տնազուրկ քաղաքացիների թիվն ավելի մեծ է։
Հենրիկ Գասպարյան - Մոտ 2700 տնակ կա, որ պետք է հեռացնենք: Այդ աշխատանքներն ենք կատարում:
«Արդա» ընկերության հետ սոցիալական բնակարանաշինությունը ևս կարող է շարունակվել։ Գյումրու քաղաքապետարանի և ընկերության համաֆինանսավորմամբ արդեն մի քանի տասնյակ ընտանիք բնակարանամուտ տոնել է։