Կորոնավիրուս, ապա՝ պատերազմ. ոստիկանությունը 2020-ին գերծանրաբեռնված է աշխատել. արձանագրել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ուժային կառույցի մասնագիտական օրվան նվիրված կոլեգիայի նիստին: Ընդգծել՝ 44-օրյա պատերազմում ոստիկանության զորքերը շատ ուղիղ և գործուն մասնակցություն են ունեցել, աչքի ընկել սխրանքներով:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - 44-օրյա պատերազմի ավարտից հետո ներքաղաքական կրքերը բորբոքվեցին, և ես ուզում եմ գոհունակությամբ նշել, որ, երևի թե, մենք հիմա համաշխարհային պատմության համար աննախադեպ մի երևույթ ունենք, որ չնայած ամիսներ շարունակ ՀՀ-ում հնչել են սպանելու, գնդակահարելու, մահապատժի ենթարկելու, ջարդելու կոչեր, բայց, ըստ էության, մենք ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծել ենք առանց բռնությունների:
Փաշինյանի համոզմամբ՝ այն ուժերը, որոնք բռնության կոչեր են արել, հնարավորություն չեն ունեցել բռնություն գործադրելու: Բացառությունը նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա իրադարձություններն են, վարչապետը հիշեցրել է՝ այդ օրերին ոստիկանությունն ու իրավապահ մարմիններն առաջնագծում էին:
Նիկոլ Փաշինյան - Ես սա համարում եմ մեր իրավապահ համակարգի, այդ թվում՝ ոստիկանության շատ կարևոր նվաճումն ու ձեռքբերումը, որ մենք կարողացանք գնալ մի ճանապարհով, որը մեզ հնարավորություն տվեց և հնարավորություն կտա ոչ թե ատելության մթնոլորտ սահմանել, ոչ թե թշնամության մթնոլորտ սահմանել, այլ որպեսզի մենք իսկապես համախմբենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին, Արցախի ժողովրդին, հայ ժողովրդին մեր պետականության, օրինականության, իրավակարգի շուրջ:
Կառավարության ղեկավարը խոսել է նաև հունիսի 20-ին սպասվող խորհրդարանի արտահերթ ընտրությունների մասին, համոզմունք հայտնել՝ ոստիկանությունը կկարողանա ապահովել քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը:
Նիկոլ Փաշինյան - Ուզում եմ կրկին արձանագրել, որ այս ընթացքում, սկսած՝ 2018 թ.-ից, իրավապահ մարմինների, այդ թվում՝ ոստիկանության հետ իմ բոլոր շփումներում՝ և՛ դռնբաց, և՛ դռնփակ, խնդիրը, որ առաջադրվել է՝ եղել է հետևյալը. ապահովել ընտրությունների օրինական ընթացքը, ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտության համար բոլոր անհրաժեշտ պայմանները, բացառել բոլոր ընտրակաշառքների և ընտրողների կամքի վրա ապօրինի ներազդեցության որևէ հնարավորությունը:
Մինչև նիստը՝ Կառավարության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած ոստիկանների հիշատակին: