Անկարայում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիու Շաոբինը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառն Անկարայում Չինաստանի դեսպանության Twitter-ի էջում արված գրառումն է, որն անհանգստացրել է Թուրքիայի ղեկավարությանը, գրում է ermenihaber-ը:
Ապրիլի 5-ին Թուրքիայի ազգայնական ուղղվածություն ունեցող, ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեները Twitter-ում Չինաստանի տարածքային ամբողջականությանը հակասող գրառում էր արել՝ նշելով. «Արևելյան Թյուրքեստանը (Չինաստանի Սինծյան-ույղուրական ինքնավար շրջանի արևմտյան տարածքները) մի օր անպայման անկախանալու է»:
Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշն էլ Սինծյան-ույղուրական ինքնավար շրջանում 31 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունը «կոտորած» էր որակել:
Թուրք քաղաքական գործիչների գրառումներին ի պատասխան՝ Չինաստանի դեսպանությունն իր Twitter-ի էջում հետևյալ գրառումն է արել. «Չինական կողմը կտրականապես դեմ է և խստորեն դատապարտում է որևէ անձի կամ ուժի ցանկացած մարտահրավեր՝ ուղղված Չինաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:
Գրառմանը կից նշվել են նաև Աքշեների և Յավաշի թվիթերյան հաշիվները: