Ո՞վ է Օսման Էրբաշը, որը ևս 10 թուրք զինծառայողի հետ զոհվեց Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի ժամանակ:
Թուրքական մամուլը հեղեղվել է Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշի կենսագրության ու գործունեության մանրամասներով:
Հատկանշական է, որ Էրբաշի զինվորական գործունեության մեջ հայկական հետք նույնպես կա՝ գրում է ermenihaber-ը: Նշվում է, որ թուրք գեներալը ռազմական-մարտավարական գիտելիքներով օգնել է Ադրբեջանին Արցախյան 3-րդ պատերազմում «հաջողության հասնելու համար»:
Թուրք գեներալը կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում: Էրդողանի փեսան` հիշյալ ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարը, Telegram-ում հայտնել է, որ գեներալ Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն է արել, և միասին են փորձարկել անօդաչու թռչող սարքերը:
Էրբաշի ձեռքերը թաթախված են եղել նաև քուրդ զինյալների դեմ օպերացիաներում: Նա 2010 թ. ընդհանուր ուսուցում է կազմակերպել այն զինծառայողների համար, որոնք այդ գործողություններում պետք է կիրառեին ԱԹՍ-ներ:
2008-2010 թթ. Էրբաշը ղեկավարել է Թուրքիայի ՊՆ-ի տեսչական վարչությունը, իսկ 2010-2012 թթ. զբաղեցրել է 1-ին մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2012 թ. ստացել է գեներալ-մայորի կոչում: 2012-2015 թթ. ստանձնել է Թուրքիայի ցամաքային ուժերի հետախուզության վարչությունը, իսկ 2015-2016 թթ.՝ 6-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարությունը: Նա կարևոր դեր է խաղացել 2016 թ. հուլիսի 15-ին Թուրքիայում կամակերպված հեղաշրջման փորձի ժամանակ՝ աջակցելով Թուրքիայի իշխանություններին: