Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Մարտի 1»-ի գործով դատական նիստը:
Դատավոր Աննա Դանիբեկյանը թույլատրեց «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին իրեն պատկանող գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր կնքել, որոնք չեն կարող հանգեցնել գույքի օտարմանը։
Դատարանն այսօր հետաձգեց վկա Բաբկեն Մկրտչյանին որպես տուժող ճանաչելու վերաբերյալ միջնորդության լուծումը: Դատավորը հայտնեց, որ դեռևս 2019 թ. հոկտեմբերի 4-ին դատարան է ստացվել գործով վկա Բաբկեն Մկրտչյանի պաշտպան Զորայր Հարությունյանի դիմումը՝ Մկրտչյանին տուժող ճանաչելու վերաբերյալ։ Պաշտպանը հայտնեց, որ 2008 թ․ մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով ներքին զորքերի ծառայող Բաբկեն Մկրտչյանն ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով հիմա հաշմանդամության երրորդ խումբ ունի։ Հայտնի է նաև, որ «Մարտի 1»-ի մայր գործից անջատված մասով Մկրտչյանն ունի տուժողի կարգավիճակ։
Մեղադրող և պաշտպանական կողմերը չառարկեցին միջնորդությանը: Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց՝ դատավարության այս փուլում հնարավոր չէ լուծել միջնորդությունը, քանի որ սույն գործով Մկրտչյանը դատակոչված է որպես վկա և պետք է ցուցմունք տա։ Դատարանը հետաձգեց միջնորդության լուծումը, քանի որ դրա համար անհրաժեշտ է անդրադառնալ գործի փաստական հանգամանքներին։