Մարտի մեկի գործով դատական հերթական նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը թույլատրեց ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին իրեն պատկանող գույքի նկատմամբ կնքել ցանկացած պայմանագիր, որը սակայն, չի կարող հանգեցնել գույքի օտարմանը: Դատավորը հետաձգեց վկա Բաբկեն Մկրտչյանին տուժող ճանաչելու վերաբերյալ միջնորդության լուծումը: Նման պահանջով դիմում Մկրտչյանի պաշտպանը դեռ 2019-ի հոկտեմբերին էր ներկայացրել՝ հիմնավորելով` իր պաշտպանյալը մայր գործով ճանաչվել է տուժող, սակայն անջատված գործով՝ վկա է:
Մեղադրող կողմն առարկություններ չուներ: Դատախազ Պետրոս Պետրոսյանը կրկնում է նախորդ նիստերից մեկում հայտնած դիրքորոշումը՝ մայր գործով տուժող ճանաչված բոլոր անձինք պետք է նաև անջատված քրգործով ունենան նույն կարգավիճակը:
Ակնհայտ է, որ վկան անջատված քրեական գործով չի կարող տուժող հանդիսանալ՝ նշում է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Պաշտպանները ցանկանում են ավելի մանրամասն լսել, որտեղ և ինչ պայմաններում է Մկրտչյանը վիրավորում ստացել: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ խտրական մոտեցման վտանգ է տեսնում:
Չնայած կողմերն առարկություններ չունեին, դատարանը որոշեց հետաձգել միջնորդությունը՝ համարելով, դատավարության այս փուլում հնարավոր չէ այն լուծել: Խափանման միջոց կալանքը վերանայելու միջնորդություն ներկայացրեց Մարտի մեկի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Խաչատուրովի կալանքին որպես այլընտրանքային միջոց կիրառված է գրավը։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի փետրվարի 11-ին։ Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են 2008-ի հետընտրական զարգացումների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար: Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրված սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու հոդվածով: