«Ընդդիմության պլատֆորմ՝ հանուն կյանքի» ուկրաինական ընդդիմադիր կուսակցությունը նախագահ Վոլոդիմիր Զելենսկու իմփիչմենթի կարգ է նախաձեռնում՝ հայտնում է РИА Новости-ն:
Խորհրդարանական խմբակցության համանախագահ Վադիմ Ռաբինովիչը բացատրել է, որ նման քայլը կապված է հեռուստաալիքները փակելու՝ նախագահի որոշման հետ:
Երեքշաբթի Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել ուկրաինական ընդդիմադիր լրատվամիջոցների և դրանց սեփականատեր, «Ընդդիմության պլատֆորմ՝ հանուն կյանքի» պատգամավոր Տարաս Կոզակի նկատմամբ: Որոշումից հետո դադարեցվել է «112.Ուկրաինա», NewsOne, ZIK ու մի քանի այլ ալիքի հեռարձակումը: Մասնագիտական հանրությունը դա անվանել է քաղաքական հաշվեհարդար և հարձակում խոսքի ազատության վրա:
Ռադայում ֆինանսների, հարկային և մաքսային քաղաքականության հանձնաժողովի նախագահ, «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Դանիիլ Գետմանցևը նշել է, որ ցանկացած լրատվամիջոցի փակում նպաստում է դրա ժողովրդականության բարձրացմանը:
Զելենսկու գրասենյակը պատասխանել է, որ հեռուստաալիքների փակումը գրաքննություն չէ, այլ քարոզչության դեմ պայքար: