Կհնչի ճակատագրական կրակոցը, և կանանց հարդասենյակում ամեն ինչ գլխիվայր կշրջվի: Պարոնյան թատրոնի նոր նախագիծը վենեսուելացի սցենարիստ Ռոդոլֆո Սանտանայի դրամատիկ կատակերգության բեմադրությունն է, որն իրականացրել է թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը:
Պիեսի թարգմանությունը Վիգեն Ստեփանյանի վերջին թատերական աշխատանքերից էր: Հայկական բեմում կատակերգության բեմադրությունը իսկական ոդիսականի վերածվեց: Պրեմիերան նախատեսված էր նախորդ տարվա մարտին, բայց սկսվեց համավարակը: 2-րդ անգամ նորամուտը նախատեսել էին հոկտեմբերի սկզբին, սեպտեմբերին սկսվեց պատերազմը: Բեմելը վերջապես կայացավ միայն 3-րդ փորձից, և ներկայացման երաժշտության հեղինակ Վաչե Շարաֆյանը փաստում է՝ այս մեկ տարում այնքան բան փոխվեց, որ հանդիսատեսի ընկալումներն էլ շատ տարբեր կլինեն:
Բեմադրող ռեժիսորի գնահատմամբ՝ կին-տղամարդ փոխհարաբերություններին նվիրված այս ներկայացումը դերասանուհիների համար արտիստական վերափոխումների հրաշալի հնարավորություն է: Մի հարդասենյակում հայտնված տարբեր ճակատագրի ու սոցիալական կարգավիճակի կանանց միավորում է վրեժը:
Վաչե Շարաֆյանը ներկայացման էքսպրեսիվ երաժշտության լուծումները գտել է լատինամերիկյան պարային ժանրերին միանգամայն նոր բովանդակություն հաղորդելով:
Այս բեմադրությամբ բացվում է նոր՝ 72-տեղանոց թատերասրահը, որ կրում է Երվանդ Ղազանչյանի անունը, որը մի ամբողջ կյանք ապրել ու նվիրվել է այս թատրոնին: