Հրապարակվել են «
Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության Կոռուպցիայի ընկալման համաթվի 2020 թվականի արդյունքները: Հայաստանը բարելավել է նախորդ տարվա արդյունքը՝ հայտնվելով 180 երկրներից 60-րդ հորիզոնականում՝ ունենալով 49 միավոր: 2019 թվականին մեր երկիրը 77-րդ , 2018 թվականին՝ 105-րդ հորիզոնականում էր: «Թրանսփարենսի ինթերնեշնլը» նշում է, որ 49 միավորով Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում էական առաջընթաց գրանցող երկիր է, որը 15 միավորով բարելավել է արդյունքը 2012 թվականից ի վեր։ Հայաստանը որդեգրել է բարեփոխումներ իրականացնելու աստիճանական մոտեցում՝ հանգեցնելով հակակոռուպցիոն կայուն և դրական բարեփոխումների։ Միաժամանակ, կազմակերպությանը նշում է, որ դատական համակարգում առկա խնդիրները շարունակում են մարտահրավեր լինել կոռուպցիայի դեմ պայքարում լիարժեք հաջողելու համար։
Մեր հարևաններից Վրաստանն ունի 56 միավոր (45-րդ հորիզոնական), Ադրբեջանը՝ 30 (129-րդ հորիզոնական): ԱՊՀ երկրներից՝ Բելառուսը՝ 47 (63-րդ հորիզոնական), Ուզբեկստանը՝ 26 (146-րդ հորիզոնական), Տաջիկստանը՝ 25 (149-րդ հորիզոնական), Թուրքմենստանը՝ 19 միավոր (165-րդ հորիզոնական): 2012 թ.-ից ի վեր ամենամեծ անկումը գրանցել են Թուրքիան՝ 9 միավորով (86-րդ հորիզոնական), և Բոսնիա-Հերցեգովինան՝ 7 միավորով (111-րդ հորիզոնական):