Պատերազմին մասնակցելու համար Ռուսաստանից եկած Վարդան Հարությունյանը հետ գնալ չի կարողանում։ Սիրտը չի կտրվում սահմանը հսկող զինվորներից։ Օրը մի քանի անգամ ընկերների հետ մարտական դիրքեր է բարձրանում՝ տղաներին հայրաբար թիկունք լինելու համար։
Վարդան Հարությունյան (կամավորական) - Որ մոտիկ են, ձգտում եմ օգնել ինչով կարողանում եմ, ընկերներս էլ են հեռակա մասնակցում պաշտպանությանը։
Սուրիկ Բեգլարյան (կամավորական) - Պետք է սատարենք զինվորներին, որ նորից ուժ հավաքեն, կարողանան պայքարեն չարիքի դեմ։
Դիրքապահ զինվորի երգը նույնիսկ հասնում է կարճ հեռավորության վրա գտնվող թշնամու ականջին: Լսում է ու չի փորձում ընդհատել։ Գոռի գեղեցիկ կատարումը նաև նրան է ականջահաճո։
Գոռ Վարդանյան (ժամկետային զինծառայող) - Ընդհանուր երգում ենք, պատերազմի ժամանակ էլ էինք երգում մարտական ոգին բարձրացնելու համար։
Երբեմն համերգներ էլ են կազմակերպում, կատակում են Հայաստանի հարավային դարպասը պահող զինվորները։ Կատակը՝ կատակ, բայց զգոնությունը երբեք չեն թուլացնում․ թշնամին դավադիր է և անկանխատեսելի։ Մեր դիրքերը պետք է անխոցելի լինեն։
Հովնան Դանիելյան (ժամկետային զինծառայող) - Մեկ-մեկ բզբզում է․․․ Նորմալ է։
Պատերազմի ծանր հիշողություններից ձերբազատվել չեն էլ փորձում։ Դա արդեն իրենց կենսագրությունն է։ Հիմա խաղաղություն ու կայունություն են ուզում, որ էլ ոչ մի զինվորի վառոդի հոտ չպարտադրվի։
Ռոբերտ Աթոյան (ժամկետային զինծառայող) - Ամեն ինչ անելու ենք, որ դուք էլ խաղաղ ապրեք։
Տղաներից ոմանք մեկ ամսից կզորացրվեն։ Մարտական ընկերներից բաժանվելը դժվար է լինելու, բայց տանն էլ սպասողներ ունեն ու ծրագրեր, որ պետք է կյանքի կոչեն։ Մեկը մասնագիտություն ստանալ է ցանկանում, մյուսն ուզում է արհեստ սովորել, երրորդին սպասում է ընտանեկան բիզնեսը։
Գարսևան Գևորգյան (ժամկետային զինծառայող) - Ֆերմաներ ունենք, թռչնապահություն։
Աբրահամ Հովհաննիսյան - Որ մի քիչ էլ սպասեն, մի 30 օր բան է մնացել, կգանք, եկող զինվորներն էլ խաղաղ ծառայություն եմ մաղթում, ինչ մենք տեսել ենք, թող իրենք չտեսնեն։
Հովնան Դանիելյան (ժամկետային զինծառայող) - Թող լավ մնան, մի տարուց գալիս է իրենց հերոս տղան։
Ոմանց էլ հարսանցուներն են սպասում։ Ճիշտ է՝ միանգամից ամուսնություն չի լինի։ Նախ` պետք է աշխատանք գտնել, հետո մտածել ընտանիք կազմելու մասին։ Բայց հստակ որոշել են՝ շատ երեխաներ են ունենալու։
Նարեկ Վարդանյան - Մեր սերունդը մի քիչ քչացավ, պետք է շատացնենք:
Կողքից հուշում են՝ 15,16:
Դիտարկվող տարածքները մշտական ուշադրության տակ են, իսկ միտքը՝ տանը՝ հարազատների ու նաև այն ընտանիքիների հետ, որոնց զավակները պատերազմից չվերադարձան։
Նարեկ - Ծնողները գալիս են, իրենց զավակների փոխարեն ուզում են մեզ տեսնեն, մենք էլ ուզում ենք էդ բացը լրացվել, թող վատ բաներ էլ չտեսնենք։
Հայկ Բադալյան - Եթե ձեռքիս բաժակ լիներ ու սեղանի մոտ լինեի, հայրիկիս ծնունդը կշնորհավորեի, այսօր նրա տարեդարձն է ․․․ Առողջություն, համբերությունն և թող ուրախ լինի, որ այսպիսի տղերք են պահում սահմանը:
Տոնական որևէ կերակուր զինվորի ձեռքով պատրաստած պլեճի համը չունի։ Վառարանի կրակն ու խորովվող կարտոֆիլի հոտը դիրքապահ տղաներին մտքով տեղափոխում է տուն, որտեղ իրենց սիրում, կարոտում և սպասում են, նաև՝ շնորհավորանքներին։