Տերունական աղոթքով մշակութային գործիչներն սկսեցին երկրում տիրող իրավիճակի մասին քննարկումը: Ասացին՝ ձևաչափը փոխում են, չեն ուզում փողոցում խոսել խնդիրների մասին: Կքննարկեն այսպես և առաջիկա օրերին մեկ ընդհանուր, միասնական կոչով հանդես կգան՝ ուղղված ժողովրդին և երկրի իշխանությանը: Առայժմ գործադուլի կոչ են անում: Համարում են, որ ստեղծված իրավիճակից ելքը մեկն է, և որ բոլոր գործողություններն ուղղված պետք է լինեն դրան:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ահազանգում է. 30 տարվա ընթացքում Թուրքիան ու Ադրբեջանը երբեք չեն փոխել իրենց ընդգծված թշնամական դիրքորոշումը հայության ու Հայաստանի նկատմամբ: Թուրքական սպառնալիքը ո՛չ դադարում է, ո՛չ էլ երբևէ դադարելու է՝ ասում է նա: Զգոնությունը թուլացնելը հանցանք կլինի:
Ռուբեն Մելքոնյան (պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ)- Թուրքիան վերջին շաբաթներին փոխել է իր ագրեսիվ տոնայնությունը, որովհետև հասել է իր գլխավոր նպատակին՝ Արցախի մի մասի օկուպացիային, բայց նրա նկրտումները մնացել են նույն ագրեսիվը, և դրա ամենակարևոր անկյունաքարային հարցն այսօր Մեղրիի հարցն է՝ Մեղրիի միջոցով ճանապարհ դեպի Նախիջևան:
Մտավորականները կարծում են, որ այսօրվա մարտահրավերները պատշաճ չեն գնահատվում: Դա է պատճառը, որ որոշել են իրենք նույնպես քաղաքականությամբ զբաղվել: Քաղաքականությունը եկել, թակում է բոլորիս դուռը, մտել է յուրաքանչյուրիս ընտանիք՝ ասում է գրականագետը:
Սերժ Սրապիոնյան (ԵՊՀ դոցենտ)- Երբ խոսում ենք մշակույթի մասին, գիտության մասին, կրթության մասին, միևնույն է, ուզենք, թե չուզենք, քաղաքականությունը նրա մեջ է: Ես ուզում եմ պարզապես ասել, որ այսօր վտանգը շարունակվում է:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Վահե Էնֆիաջյանը, որը ներկա էր մտավորականների քննարկմանը, հայտարարեց, որ եկել է ոչ թե որպես ԱԺ փոխնախագահ, ոչ թե որպես կուսակցական, այլ որպես քաղաքացի, որը համարում է, որ մտավորականների խոսքը պետք է լինի գերակա: