Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն ասել է, որ չի հեռանա պաշտոնից, ինչպես պահանջում էր նորընտիր նախագահ Մայա Սանդուն: Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի գործող նախագահ Իգոր Դոդոնի և խորհրդարանի խոսնակ Զինաիդա Գրեչանիի հանդիպումից հետո՝ ներկայացնում է ՏԱՍՍ-ը:
«Կառավարությունն այժմ բարոյական պարտականություն ունի հաստատել բյուջեն, որպեսզի երկրում աշխատավարձերի և կենսաթոշակների վճարման հետ կապված խնդիրներ չառաջանան, ուստի ես խնդրում եմ բոլորին հանգիստ լինել», - ասել է Կիկուն և հորդորել խորհրդարանին կենտրոնանալ հաջորդ տարվա բյուջեի հաստատման վրա:
Նախագահ Սանդուն, կիրակի ելույթ ունենալով Քիշնևում իր կողմնակիցների ցույցի ժամանակ, կոչ էր արել Կիկուին անհապաղ հրաժարվել վարչապետի պաշտոնից: Նա քննադատել էր խորհրդարանի կողմից ընդունված օրենքների փաթեթը, որն ամրապնդում է ռուսաց լեզվի կարգավիճակը երկրում և վերացնում է նախկինում ներդրված սահմանափակումները ռուսական հեռուստաալիքների հեռարձակման նկատմամբ:
Պատգամավորները նաև ընդլայնել են Գագաուզյան ինքնավարության իշխանությունների լիազորությունները և հատուկ ծառայությունները վերցրել նախագահի ենթակայությունից՝ պատճառաբանելով, որ Սանդուն ունի Ռումինիայի քաղաքացիություն: Որոշվել է նաև չեղյալ հայտարարել նախկին հանրապետական մարզադաշտի տարածքի հատկացումը ԱՄՆ նոր դեսպանատան կառուցման համար: