17 կուսակցություն հանրությանը կոչ արեց հավաքվել Երևանի Ազատության հրապարակում և հանրահավաքի միջոցով արտահայտել իր վերաբերմունքը նոյեմբերի 9-ին պատերազմի դադարեցման վերաբերյալ վարչապետի ստորագրած հայտարարության և դրա հետ կապված հետագա անելիքների մասին: Ոստիկանությունն ու դատախազությունը, մեջբերելով ռազմական դրության պայմաններում հավաքների արգելման դրույթը, կոչ արեցին զերծ մնալ կուտակումներից: Կոչը հետ չպահեց քաղաքացիներին և քաղաքական ընդդիմադիր ուժերին՝ հավաքվելու Ազատության հրապարակում:
Վարչապետի հրաժարականի և Արցախի հարցով եռակողմ հայտարարության չեղարկման պահանջով բողոքի երթի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարություն: Հանդիպելով ոստիկանության շարքերին՝ հանրահավաքի մասնակիցները քայլեցին դեպի խորհրդարան՝ այնտեղ ևս իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար։
Արգելված հավաքին մասնակցելու մեղադրանքով հատուկ քննչական ծառայությունը հարուցել է քրեական գործ, բերման է ենթարկվել 135 մարդ, որոնք հետագա ժամերին ազատ են արձակվել: ԱԱԾ է հրավիրվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների խոսքով՝ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը: Բողոքի ցույցի մասնակիցները ժամանակ են տվել իշխանությանը իրենց պահանջներին արձագանքելու համար:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան