Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Բեռլինին կրկին կոչ է արել էմբարգո սահմանել Թուրքիային գերմանական զենքի վաճառքի վրա՝ փոխանցում է ekathimerini պարբերականը:
Բեռլին կատարած այցի ժամանակ Դենդիասը հանդիպել է Գերմանիայի նախագահի, խորհրդարանի խոսնակի, Բունդեսթագի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հունաստանի արտգործնախարարը խոսել է Թուրքիայի համար գերմանական մշակմամբ կառուցվող Type 214 սուզանավերի մասին, որոնք անկասկած կօգտագործվեն Միջերկրական ծովի արևելքում ուժերի հավասարակշռության խաթարման նպատակով: Նրա խոսքով՝ դա կարող է սպառնալ «ԵՄ անդամ երկրներին, այդ թվում՝ Հունաստանին ու Կիպրոսին, ինչպես նաև տարածաշրջանի ընդհանուր կայունությանը»:
Հույն բարձրաստիճան պաշտոնյան խոսել է նաև Թուրքիայի հանցավոր վարքի հետևանքների մասին Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Կովկասում, Կիպրոսի ծովային ջրերում և Հունաստանի այլ կղզիներում: Նա նշել է, որ Անկարան մեծ վտանգ է ներկայացնում նրանով, որ Սիրիայից ջիհադիստներ է տեղափոխում Լիբիա և Կովկաս: