Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների» 2020 թվականի տարեկան ծրագրի՝ Սևանա լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում շարունակվում են անտառաշերտի մաքրման աշխատանքները: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել և տեսանյութ է տեղադրել Գեղարքունիքի մարզպետը:
Ափամերձ անտառաշերտը հատուկ տեխնիկայի և ձեռքի աշխատանքի օգնությամբ մաքրվում է ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից:
Մաքրման ենթակա տարածք է մինչև 1901,5 մ նիշն ընկած առափնյա գոտին, որի մի մասն արդեն անցել է ջրի տակ, մի մասն էլ՝ ճահճի վերածվել։
Ծառերի և թփերի մնացորդների դուրսբերումը առափնյա ջրածածկ գոտիներից ուղղված է Սևանի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանը։
Հիշեցնեմ, որ նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 140 հեկտար անտառածածկ տարածք։
Նախատեսվում է տարվա ընթացքում մաքրել շուրջ 270 հեկտար ափամերձ անտառաշերտ։
Այս պահին ամբողջությամբ մաքրված է շուրջ 50 հեկտար։
Գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը և երաշխավորել լճի անխոչընդոտ առողջացումը։
Տեսանյութն արված է «Սևան» Ազգային պարկի Վարդենիսի տեղամասում՝ Ծովակ համայնքի վարչական սահմանում: