2018 թ. մարտ ամսին Վերին Արտաշատից Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC) է տեղափոխվել Բալու արջը, որն ուներ ծանր հոգեկան և վարքաբանական խնդիրներ: Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի մասնագետների աշխատանքի շնորհիվ Բալուն այսօր այնպիսին է, ինչպես տեսանյութում:
Բալու արջը դեռևս որոշ վատ «հիշողություններ» ունի իր նախկին ապրելավայրի և խնամքի մասին, սակայն իրականացվող ամենօրյա աշխատանքի շնորհիվ խնդիրները լուծվում են։
Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) ապաստան են ստացել Հայաստանի տարբեր մասնավոր տարածքների անբարենսպաստ պայմաններից փրկված տասնյակից ավելի կարմիրգրքյան արջեր։ Կենդանիները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) հետ համատեղ իրականացվող Արջերի փրկության ծրագրի (The Great Bear Rescue) շրջանակներում փրկարար կենտրոն են տեղափոխվել ամենատարբեր վայրերից՝ ռեստորաններից մինչև պանրի գործարան։
Բալու արջը տարիներ շարունակ պահվել է Վերին Արտաշատում գտնվող տներից մեկի բակում՝ շղթայված, մինչ 2018 թ․ տեղափոխվել է առավել լավ պայմաններ ապահովող ապաստան։
Մինչ այսօր ՀՀ տարբեր մասնավոր տարածքներում շարունակում է բանտարկված մնալ շուրջ 20 արջ, որոնք ունեն մասնագիտական օգնության կարիք և սպասում են իրենց հերթին։