Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբին։
«Ազգային արժեքների պաշտպանության» անդամները Վեհափառ Հայրապետին ներկայացրել են նախաձեռնության առաքելությունն ու ծրագիրը, անդրադարձել նախաձեռնության հեղինակած օրենքի նախագծին՝ ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանությանը։
Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել հայորդիներին և կարևորել ազգային արժեքների պաշտպանության հարցում նրանց ազնիվ ձգտումներն ու նախանձախնդրությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատել է, որ հայոց ինքնությունը դարերով կերտած ազգային-հոգևոր արժեքները և նախնիներից ավանդված ժառանգությունը գրավականն են ազգի հարատևության և մեր անկախ պետականության ամրության: