Հրազդանի Ազնավուրի անունը կրող զբոսայգին վերածվել է շահագրգիռ քննարկման հարթակի: «Մուզանավ» ՀԿ նախաձեռնությամբ ազատ արվեստագետները՝ կինոոլորտից, երաժշտության, թատրոնի բնագավառներից այստեղ են՝ քննարկելու ընդհանուր խնդիրները, ինչպես վերացնել անջրպետը ստեղծագործող մարդու և պետության միջև:
Ինչպես ապահովել ազատ արվեստագետի աշխատանքի լիարժեք պայմանները, երբ Հայաստանում դեռ իներցիայի ուժով գործում են խորհրդային շրջանից մնացած շատ մոտեցումներ: Քննարկման նախաձեռնողներն ու մասնակիցները նախևառաջ կուտակված խնդիրների օրենսդրական լուծում են ակնկալում: Առաջնահերթ են համարում ազատ արվեստագետի իրավական կարգավիճակի ամրագրումը, ինչն առայսօր դեռ չի կատարվել:
Ազատ ստեղծագործողներն ընդգծում են` ամբողջ մշակութային ունեցվածքն ու գույքը` համերգասրահներ, էքսպոզիցիոն տարածքներ, ցուցասրահներ, պետական սեփականություն լինելով՝ գրեթե անհասանելի են պետական կառույցում չաշխատող և որևէ իրավական կարգավիճակ չունեցող արվեստագետի համար: Աշխարհում ազատ արվեստագետներին աջակցելու և խրախուսելու վաղեմի ավանդույթներ կան, բայց Հայաստանը պետք գնա իր ճանապարհով:
Քննարկումը նախձեռնող խմբի անդամներն առաջնահերթությունների շարքում ընդգծում են 3 ազատ արվեստագետի, մեկենասության և մասնագիտական արհմիությունների մասին օրենքների շուտաթույթ ընդունման անհրաժեշտությունը:
Առաջարկների իրենց փաթեթն արվեստագետները կներկայացնեն կառավարությանը: Հասկանում են՝ օրինաստեղծ գործունությունը ժամանակատար և աշխատատար ընթացք է: Եվ մշակել են նաև անցումային ծրագիր, որը թույլ կտա ինքնակազմակերպվել և իրենց ստեղծագործական կյանքին պետության միջամտությունը նվազագույնի հասցնել՝ մինչև կմշակվեն այդքան սպասված օրենքները: