Գրեթե 25 տարի առաջ 5 ծառայակցի սպանության մեղադրանքով ցմահ դատապարտված 45-ամյա Արթուր Մկրտչյանը հայտարարել է անժամկետ հացադուլ: Այս մասին «Լուրերին» տեղեկացրեց դատապարտյալի մայրը՝ հայտնելով, որ որդին ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, իսկ նա այդ քայլին դիմել է երկուսուկես տասնամյակում արդարության չհասնելու հետևանքով։ Մկրտչյանը չի ընդունում իրեն մեղսագրվող հանցանքը:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը հաստատեց տեղեկությունը, որ դատապարտյալը հացադուլ է սկսել օգոստոսի 12-ից։
Արթուր Մկրտչյանի ռեժիմը փոխվել էր կիսաբացի՝ «Նուբարաշենից» տեղափոխվել էր Սևան, սակայն հունիսի 12-ի՝ դատախազության գրությունից ժամեր անց նրան կրկին վերադարձրել են «Նուբարաշեն» ՔԿՀ:
Դատապարտյալը «Լուրերին» հայտնել էր, որ միտում է տեսնում դատախազության գործողություններում։
Արթուր Մկրտչյանը հրապարակել է բաց նամակ՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«․․. Ես երբեք չեմ կարողացել արտահայտել այն ցավն ու տառապանքը, որը 24 տարի ամեն օր ստիպում են կրել, այլ ուղղակի ատամներս սեղմած առաջ եմ գնացել, ու ամենակարևոր գերխնդիրն է եղել թույլ չտալ, որ Մարդուն սպանեն իմ մեջ, բայց, ինչպես տեսնում եք, «մահափորձերը» շարունակվում են և ավելի եռանդուն են դարձել»,- գրել է 45-ամյա Արթուր Մկրտչյանը՝ վկայակոչելով իրեն փակ ռեժիմից կիսաբաց տեղափոխելու և դատախազության գործողությունների հետևանքով կրկին նույն բանտախուցը տեղափոխելու պատմությունը։
«Մարդկայնորեն խնդրում եմ բոլորին չարատավորել իմ այս ծայրահեղ քայլը, որպես ուլտիմատում կամ չգիտեմ ինչ, ես պարզ մարդ եմ և ինձ այլ տարբերակ չի մնացել պայքարելու մեր հայրենիքում անարդարության ու կամայականությունների դեմ, քան հացադուլը՝ դրանով նաև աջակցելով Նիկոլ Փաշինյանին ավելի լավ երկիր կառուցելու գործում, թեկուզ և իմ առողջության կամ գուցե և կյանքի հաշվին։
Այս ամենով ինչ-որ տեղ նաև այլ մարդկանց հանդեպ կկանխվեն կամայական մոտեցումները»,- բաց նամակում գրել է ցմահ դատապարտյալը։