Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կկառուցվի համայնքապետարանի նոր շենք, ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Սևանի փողոցի սկզբնամասում և վերջնամասում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Համայնքապետարանի շենքի կառուցման նախնական ընդհանուր արժեքը շուրջ 32 միլիոն դրամ է, որի 45 տոկոսը կամ 14 միլիոն 400 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 17 միլիոն 600 հազար դրամը՝ Նորատուսի համայնքապետարանը:
Սևանի փողոցի հատվածների ասֆալտապատման նախնական ընդհանուր արժեքը շուրջ 21 միլիոն դրամ է, որի 60 տոկոսը կամ 12 միլիոն 600 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 8 միլիոն 400 հազար դրամը՝ Նորատուսի համայնքապետարանը: Նորատուսի համայնքապետարանի նոր շենքը կկառուցվի համայնքի արվեստի դպրոցի շենքի տեղում, որը վթարային լինելու պատճառով կքանդվի ամբողջությամբ: Արվեստի դպրոցը կզբաղեցնի համայնքի մշակույթի տան շենքի այն տարածքը, որտեղ գործում է Նորատուսի համայնքապետարանը:
Համայնքապետարանի նոր շենքը կլինի միահարկ՝ 150 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Սևանի փողոցից 300 գծամետր ճանապարհ կասֆալտապատվի վերջնամասում, շուրջ 100 մետր՝ սկզբնամասի 13-րդ նրբանցքում: Ասֆալտապատվող հատվածների ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 2200 քառակուսի մետր»,- գրել է մարզպետը։