ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
Այսօր՝ հունիսի 20-ին, ՇՎՏՄ-ի աշխատակիցները հերթական մշտադիտարկումն իրականացրել են Երևան քաղաքի Էրեբունու վարչական շրջանի առևտրի կենտրոններում, գազալցակայաններում և բենզալցակայաններում:
Պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ հիմնական խնդիրներն առնչվել են բենզալցակայաններին, որոշ չափով նաև՝ շինանյութի խանութներին: Վարչական շրջանում մշտադիտարկումներ իրականացված երկու գազալցակայաններում որևէ խախտում չի հայտնաբերվել:
Շինանյութի խանութներում հիմնականում չեն եղել դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամաններ և ջերմաչափման գրացամատյաններ: Դիտարկված թերությունները տնտեսավարողների կողմից տեղում շտկվել են:
Բենզալցակայաններում հիմնականում բացակայել են դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամանները և դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները: Նշված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնք ներկայացվելու են պարետատուն: