ՀՀ արդարադատության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել այսօր Կառավարության նիստում հաստատված ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ու 2020-2022 թթ․ գործողությունների ծրագրից:
«Աշխատանքային խմբի կողմից մշակված այս փաստաթուղթն անցել է համակողմանի հանրային քննարկում, միջազգային գործընկերների հետ ձեռք է բերվել Ռազմավարության իրականացման շուրջ մի շարք պայմանավորվածություններ, ինչպես նաև ապահովվել է ֆինանսական գնահատումը։
Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման և օրենսդրական փոփոխությունների արդյունքում․
-
Կստեղծվի ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն,
-
Կստեղծվի Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոն,
-
Կվերանայվի նախաքննության արդյունավետությունը,
-
Հասարակական կարգի պահպանության համատեքստում կապահովվի ոստիկանության զորքերի կարողությունների զարգացումը, կներդրվեն տակտիկական արդյունավետ լուծումներ, աշխատանքներ կիրականացվեն բանակցային ու հաղորդակցության կարողությունների զարգացման, ինչպես նաև տեխնիկական հագեցվածության բարելավման ուղղություններով,
-
Կվերաիմաստավորվի համայնքային ոստիկանությունը,
-
Լրջորեն կվերանայվեն ոստիկանության կադրերի պատրաստման, կարողությունների շարունակական զարգացման ու բարոյահոգեբանական պատրաստման, ոստիկանության ծառայողի բարեվարքության ու հակակոռուպցիոն կրթություն ստանալու հարցերը։ Դրա համար նախատեսված է Ոստիկանության կրթահամալիրի կրթական, վերապատրաստման ու պատրաստման ծրագրերի վերանայում, ինչպես նաև միջավայրի բարեփոխում։ Նախանշվել է նաև ոստիկանության ծառայողների սոցիալական երաշխիքների ամրապնդմանն ուղղված կոնկրետ քայլեր։
-
Քայլեր կձեռնարկվեն նաև թափանցիկության և հանրային հաշվետվողականության աճի, միջազգային համագործակցության խթանման ուղղությամբ»,- տեղեկացնում են ԱՆ-ից։