Արդարադատության նախարարության կողմից Ազգային ժողովի 2020 թվականի ապրիլի 14-ին գումարված հերթական նիստերի օրակարգում ներառված օրենքների նախագծերի թիվը տպավորիչ է։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Ամբողջությամբ ընդունվեց բոլորիս կողմից շատ սպասված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը վերաբերող օրենսդրական փաթեթը:
Ամբողջությամբ ընդունվեց «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով գրավը սահմանվեց որպես առանձին խափանման միջոց։
Ամբողջությամբ ընդունվեց «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց արդյունքում կքրեականացվեն բռնության հրապարակային կոչը և քարոզը։
Ամբողջությամբ ընդունվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Նախագծով իրավապահ, հարկային և մրցակցության պաշտպանության պետական մարմիններին կտրամադրվի հասանելիություն հաճախորդի համար բացված արժեթղթերի հաշիվների ցանկին, ինչպես նաև բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղակատվությանը, ինչը անհրաժեշտ է նշված պետական մարմինների կողմից իրենց գործառույթների արդյունավետ իրականացման համար։
Միաժամանակ, արդարադատության նախարարությունը պատգամավորական չորս նախաձեռնությունների վերաբերյալ ներկայացրել է Կառավարության դիրքորոշումը»,- գրել է նախարարը։